Գերմանացիները պատահական բաներ չեն անում. Էդվարդ Միլիտոնյան
Երևի անանկնկալ էր, բայց պատահական չէր, գերմանացիները պատահական բաներ չեն անում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն՝ անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Միլիտոնյանի խոսքով` սա ծրագրով մտածված էր գերմանացիների կողմից. «Մենք ի տարբերություն նրանց՝ ծրագրային մտածելակերպից դուրս ենք, մենք էմոցիաներով առաջնորդվող ենք, և աշխարհը մեզ այդպիսին էլ ընդունել է»:
Նա ընդգծեց, որ սրանով գերմանացիներն իրենք իրենց հանդեպ խիզախ քայլ արեցին, իսկ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք մեր դիվանագիտական քայլերին, ինչպես նաև մշակութային քաղաքականությունը, քանի որ այն, ինչ չի կարող անել դիվանագիտությունը, կարող է անել մշակույթը:
Գրողների միության նախագահի կարծիքով, մեր դիվանագիտությունը հատված-հատված չպիտի ներկայացների իր խնդիրները, քանի որ Ցեղասպանությունը և Արցախի հիմնահարցը միասնական շղթա են կազմում:
«Այսօր էլ Թուրքիան ակնհայտորեն ցեղապսանությամբ է զբաղված եզդիների և քրդերի նկատմամբ»,-հավելեց նա: