Շարմազանովը բարկացավ գործընկերոջ վրա
Այսօր Ազգային ժողովում քննարկման ժամանակ թեթև անահամաձայնություն տեղի ունեցավ ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի և Հանրապետական խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանի միջև: «Մեղավորը» ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էր:
Վերջինը խնդրել էր նիստը վարող Շարմազանովին հերթագրել իրեն, քանի որ չէր հասցրել համապատասխան տեխնիկայի միջոցով հերթագրվել: Երբ Շարմազանովը հայտարարեց, որ նախագծի զեկուցողին հարց տալու հերթը Բագրատյանինն է, Կորյուն Նահապետյանը փորձեց ճշտել. «Պարոն Բագրատյանը հերթագրվե՞լ է, թե արտոնյալ իրավունքով է հարց տալիս»:
Ի պատասխան Շարմազանովը նկատեց. «Պարոն Նահապետյան, ես իմ լիազորությունները շատ լավ գիտեմ, և պարոն Բագրատյանը նախօրոք ինձ խնդրել էր, և ես որպես նիստ վարող, նրան հերթագրել եմ»:
«Շատ լավ է, որ նիստը վարողը ինքն է որոշում իր անելիքը, և ես հարգում եմ այդ տեսակետը», -իր հերթին ասաց Բագրատյանը:
Պատգամավորների միջև «հակամարտությունը» շարունակվեց նաև Բագրատյան-Նահապետյան հարցուպատասխանից հետո:
Սակայն Բագրատյանի հարցերին պատասխանելուց հետո ակնհայտ բարկացած Նահապետյանը դարձյալ անդրադարձավ ԱԺ նիստի վարման կարգին ու նկատեց, որ «արտոնյալ պատգամավորներ» չպետք է լինեն ու «լրացուցիչ խնդրանքով ԱԺ նիստը վարողին դիմելու պրակտիկան» պետք է վերանա:
«ԱԺ կանոնակարգ ունենք, և այդ կանոնակարգը տարածվում է բոլորի վրա՝ անկախ նրանից իշխանական պատգամավո՞ր է, թե ընդդիմադիր: Խնդրում եմ այդ կարգի արտոնությունները վերացնել և թույլ չտալ, որ պատգամավորն ունենա նման արտոնյալ հնարավորություն», -նկատեց Կորյուն Նահապետյանը:
Կուսակից գործընկերոջ հայտարարությունը նյարդայնացրեց նիստը վարող Շարմազանովին, և վերջինը սաստեց Նահապետյանին.
«ԱԺ նախագահության լիազորությունների շրջանակ մի մտեք: Այո, ես նիստը վարող եմ և եղել են դեպքեր, ու դեռ կլինեն, որ հարգելի պատճառներով մեր որոշ պատգամավորներ չեն կարողացել գրանցվել, և ես, որպես նիստ վարող պետք ա ձայն տամ: Էս ի՞նչ եք Հռոմի պապից կաթոլիկ դարձել: Եթե իմ գործընկերը գալիս է, ինձ խնդրում է հարգելի պատճառով՝ հիվանդանոց պետք ա գնա, մի խնդիր պետք ա լինի, խնդրում եմ՝ ինձ հերթագրեք, ես ո՞ր բարոյական իրավունքով ասեմ չխոսի: Ընդհակառակը, ինչքան շատ խոսեն, էնքան լավ»: