«Boston Globe». Բարոյական ուժով Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Երբ Գերմանիայի խորհրդարանը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության մասին, Թուրքիայի կառավարությունն արձագանքեց ինչպես միշտ՝ բարձրացվեց հերթական հիստերիան: Այս մասին, անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձին, խմբագրականում գրում է Boston Globe պարբերականը:
Պարբերականը նկատում է, որ բանաձևից անմիջապես հետո Թուրքիայի բռնապետ նախագահը զգուշացրեց Գերմանիային հարաբերությունների վատթարացման մասին, նոր վարչապետը հայտարարեց, որ Թուրքիայի «խիղճը մաքուր է», իսկ արդարադատության և արտաքին գործերի նախարարներն էլ կոպտորեն արտահայտվեցին՝ թե Գերմանիան այս կերպ փորձում է քողարկել իր իսկ ցեղասպանական հանցագործությունները՝ այն վերագրելով Թուրքիային:
«Գերմանիան ոչինչ չի նվազեցնում: Բանաձևը, որին Թուրքիան արձագանքեց այդպիսի կատաղությամբ, ճանաչում է «Գերմանական Ռայխի հանցակցությունը» մեկ դար առաջվա դեպքերին, երբ Գերմանիան Օսմանյան կայսրության կարևոր դաշնակիցն էր: Եվ այն վեց բացահայտ հիշատակում է պարունակում Հոլոքոստի մասին: Գերմանիայի կառավարությունն երբեք չի նվազեցնում իր մեղքը նացիստական ցեղասպանության համար, այդ պատճառով է, որ մեկ դար առաջ հայերի բնաջնջման՝ Գերմանիայի դատապարտումը նշանակալի բարոյական ուժ է պարունակում»,- գրում է պարբերականը:
Անդրադառնալով թուրք-գերմանական հարաբերություններին՝ պարբերականը նկատում է, որ դրանք վերջին շրջանում լարվել էին միգրացիոն համաձայնագրի շուրջ և Գերմանիայի կանցլերին ամենաքիչն էր պետք, որ Էրդողանը կատաղի, սակայն ի վերջո Մերկելն, ըստ պարբերականի, արեց այն, ինչ արեց, քանի որ ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը չափազանց կարևոր էր:
«ԱՄՆ-ի իշխանությունները պետք է հետևեն Գերմանիայի օրինակին: ԱՄՆ որևէ նախագահ դեռ չի գործածել ցեղասպանոթյուն եզրույթը հայերի հանդեպ թուրքերի իրականացրածը բնորոշելու համար։ Մինչդեռ Վաշինգտոնը մեկ դար է, ինչ գիտի ճշմարտությունը: 1915 թվականի հուլիսին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հաղորդել է, որ իրականացվում է «մի ամբողջ ազգի սպանություն և խաղաղ բնակչության բնաջնջում»:
Մորգենթաուն վաղուց չկա, ինչպես և Օսմանյան կայսրությունը: Սակայն Հայոց ցեղասպանության փաստերը չեն փոխվել: Թուրքիայի պաշտոնական մերժումը կոտորածների զոհ դարձած հայերի հիշատակի հանդեպ շարունակվող անարգանքի դրսևորում է: Ավելին, այն միջազգային ասպարեզում Թուրքիայի սեփական կերպարի աղավաղում է: Արդեն վաղուց ժամանակն է, որ թուրքերն ազնիվ լինեն իրենց պատմության հետ, իսկ իրենց Թուրքիայի դաշնակից համարող պետությունները՝ ինչպես Միացյալ Նահանգներն է, դադարեն ստորադասել ճշմարտությունը քաղաքական նպատակահարմարությանն»,- եզրակացնում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ