Հայաստանում աշխատող երեխաների թիվը հասնում է 1100-ի
Ուսումնասիրությունների համաձայն այսօր աշխարհում 215 մլն երեխա ներգրավված է տարբեր տեսակի աշխատանքներում, ընդ որում՝ 115 մլն-ն ընդգրկված է վատթարագույն աշխատանքներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը: Նշենք, որ հունիսի 12-ը երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրն էր:
Նրա խոսքերով՝ 1999 թվականին Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է «Երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դեմ պայքարի մասին» կոնվենցիան: 2006 թ-ին Հայաստանը միացել է այդ կոնվենցիային և ստանձնել մի շարք միջազգային պարտավորություններ, որոնց նպատակն է պայքարել ՀՀ-ում երեխաների ներգրավվածությանը վատթարագույն աշխատանքների մեջ:
«Այն բոլոր աշխատանքի ձևերը, որոնք միտված են երեխայի կրթության, բնականոն զարգացման, անվտանգության և բարոյականության դեմ, դրանք համարվում են վատթարագույն աշխատանքի ձևեր»,- նշեց Աիդա Մուրադյանը՝ հավելելով, որ օրենքի համաձայն՝ երեխաներն ունեն աշխատանքի իրավունք, սակայն մինչև 14 տարեկան երեխաները իրավունք չունեն մտնել որևէ իրավահարաբերության մեջ, 14-16 տարեկան երեխաները կարող են մտնել աշխատանքային իրավահարաբերության մեջ միայն ծնողների կամ ծնողներից մեկի գրավոր համաձայնության դեպքում:
Աիդա Մուրադյանն ասաց, որ 2014թ-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ Հայաստանում երեխաների աշխատանքում ներգրավվածության վերաբերյալ: Ըստ այդմ՝ մեր երկրում երեխաները հիմնականում ներգրավված են սեզոնային աշխատանքներում: «Խոսքը հատկապես վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներին, ինչը հաճախ պատճառ է դառնում նրանց կրթությունից դուրս մնալուն»,- նշեց նա:
Նրա խոսքերով՝ երեխայի աշխատանքի մեջ ներգրավված լինելը ինքնին առանձին սոցիալական խնդիր է, սակայն պետք է նայել պատճառներին: Պատճառներից առաջինը աղքատությունն է: «Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 37%-ն ապրում է աղքատության, իսկ 3,3%-ը՝ ծայրահեղ աղքատության մեջ: Հետևաբար՝ աղքատության մեջ ապրող երեխաները ավելի շատ են ընդգրկվում տարբեր տեսակի, այդ թվում՝ ծանր և վնասակար աշխատանքներում, որպեսզի հոգան ընտանիքի սոցիալական խնդիրերը: Եթե կտրուկ քայլերի էլ գնանք, ապա ընտանիքները շատ ավելի լուրջ սոցիալական խնդիրների առաջ կկանգնեն»,- նշեց «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ, ըստ Աիդա Մուրադյանի, Հայաստանում աշխատանքերում ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի, սակայն հիմնականում այդ երեխաների աշխատանքը որևէ տեղ գրանցված չէ: « Շատ հաճախ նման ծանր աշխատանքը վնասակար է նրանց համար և խանգարում է սովորելուն: Մանկավարժներն էլ գիտեն, թե նրանք ինչու դպրոց չեն հաճախում բայց մտնում են ընտանիքների դրության մեջ: Արդյունքում, իրավապահ մարմինները չեն իմանում այդ երեխաների մասին»,- ընդգծեց նա:
Աիդա Մուրադյանը նշեց նաև, որ երեխաներին աշխատանքի սովորեցնելու մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն եթե այդ աշխատանքը խանգարում է նրանց նորմալ զարգացմանը, դա արդեն խնդիր է դառնում: