Հայաստանից Իրաք արտահանվում է սիգարետ, սիգար, խմիչքներ և անասուն
2015 թվականին Հայաստանի և Իրաքի միջև առևտրային շրջանառությունը եղել է 132 մլն դոլար, այն դեպքում, երբ 2012 թվականին այդ թիվը կազմել է 49 մլն դոլար: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցերին:
«Իրաքի հետ մենք ունենք բավական դրական, լավ առևտրային շրջանառություն: Տարեկան մենք ունենում ենք ապրանքաշրջանառության 30 և ավելի տոկոս աճ»,- հավելեց փոխնախարարը:
Նրա ներկայացմամբ՝ Իրաքի հետ Հայաստանի առևտրաշրջանառության գերակշիռ մասը հենց արտահանումն է Հայաստանից դեպի Իրաք, և արտահանվում է, մասնավորապես, արդյունաբերական արտադրանք:
«2014-ին Իրաք արտահանել ենք մոտ 80 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին՝ 126 մլն դոլարի արտադրանք, որը բավական լուրջ ցուցանիշ է: Արտահանվում է հիմնականում սիգար, սիգարետ, ալկոհոլային խմիչքներ, անասուն, վերամշակված սննդի արտադրանք, և այլն»
Իրաքից ներմուծում ևս իրականացվում է, բայց դրա ծավալները քիչ են:
Պատասխանելով պատգամավորի հարցին, թե արդյոք կա՞ն հայ-իրաքյան համատեղ ձեռնարկություններ, փոխնախարարն ասաց, որ այդ առումով առանձնահատուկ պատկեր չկա, բայց իրաքյան կողմից կա շահագրգռվածություն Հայաստանում ներդրումներ կատարելու առումով: