Շանհայան համագործակցության կազմակերպությունում սպասում են նաև Իրանին
Տաշքենդում օրեր առաջ տեղի ունեցած Շանհայան համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթաժողովը Եվրոպական Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համատեքստում մի տեսակ հեգնանք էր,- գրում է «Комсомольская Правда» պարբերականը:
Նման պնդում պարբերականը անում է այն բանի հիման վրա, որ Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթաժողովի օրակարգային հիմնական հարցը եղել է Հնդկաստանի և Պակիստանի անդամության հարցը որոշելը:
«Պատկերացրեք՝ Երկրի բնակչության 48 տոկոսը ընդգրկվում է Շանհայան համագործակցության կազմակերպության մեջ, չորս միջուկային գերտերություններ: Խնդիրը միայն բնակչությունը չէ, այլ ձեռք բերվող պոտենցիալը», -հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:
Նոր երկրների՝ Հնդկաստանի ու Պակիստանի անդամությանը որևէ երկիր դեմ չի եղել: Ավելին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, թե իրենք պատրաստ են կազմակերպության անդամ դառնալու համար հայտեր ընդունել նաև Իրանից ու Աֆղանստանից:
«Կարծում եմ, որ իրանյան միջուկային խնդիրների հետ կապված հարցերը լուծելուց և ՄԱԿ-ի կողմից սանկցիաները վերացնելուց հետո որևէ արգելք չկա, որ Թեհրանը կհրաժարվի Շանհայան համագործակցության կազմակերպության անդամությունից», -աղբյուրի փոխանցմամբ, իր հերթին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ լրատվամիջոցի, պաշտոնապես կազմակերպությանը միավորվելու ցանկություն են հայտնել Եգիպտոսը, Իսրայելը և Սիրիան: Բայց նման ցանկություն ունի նաև կազմակերպության ունկնդրի կարգավիճակ ունեցող Բելառուսը, ինչը, ըստ աղբյուրի, դժվար պատկերացնելի էր:
«Մենք պատրաստ ենք Կազմակերպության արևմտյան դարպասները դառնալ: Մենք չենք պատրաստվում պահեստայինի նստարանին նստած հետևել խաղերին: Մենք ուզում ենք ակտիվ խաղացողներ լինել», -հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը ներկա է եղել տաշքենդյան գագաթնաժողովին:
Գագաթնաժողովի արդյունքներով, ստորագրվել է հռչակագիր, որով Հնդկաստանը և Պակիստանը պարտավորվել են սեփական նորմատիվ բազաները համապատասխանեցնել ՇՀԿ-ի պահանջներին: Ուղիղ մեկ տարի հետո արդեն Աստանայում Պակիստանը և Չինաստանը գագաթնաժողովին կմասնակցեն անդամության տոմսերով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ