ԼՂՀ-ում նախատեսում է օրենքով բարելավել ապրիլի 1-ից հետո զոհված զինծառայողների, կամավորականների ընտանիքների սոցիալական վիճակը
Հունիսի 30-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Գարնանային նստաշրջանի ավարտին ԼՂՀ խորհրդարանականները «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն քննարկել են նախորդ տարվա բյուջեի կատարողականը և ամփոփել նստաշրջանի օրակարգում ներառված օրենսդրական նախաձեռնությունները:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է՝
«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքը, որը սահմանում է բնապահպանական վճարների դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը:
«Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները: «Սնանկության մասին» ԼՂՀ օրենքը կոչված է կատարելագործել սնանկության ոլորտում ծագող հարաբերութունների իրավական կարգավորումը՝ հիմք ընդունելով իրավակիռար պրակտիկան: Փաթեթի մյուս օրենքներում լրացում և փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Սնանկության մասին» օրենքի ընդունմամբ:
Ազգային ժողովը հաստատել է նաև.
«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նպատակ ունի խթանել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի նկատմամբ հաշվարկված տոկոսների, տույժերի և տունգանքների զիջման ու ներման գործընթացը: Բանկի կամ վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները 2016թ.-ի ընթացքում զիջելու կամ ներելու դեպքում, այդ գումարների չափով կնվազեցվի բանկի վարկային կազմակերպության տվյալ տարվա համախառն եկամուտը և ըստ այդմ էլ՝ կնվազեցվի շահութահարկը:
«Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նախատեսում է բարելավել ապրիլի 1-ից հետո հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների կամ կամավորականների ընտանիքի անդամների սոցիալական վիճակը: Զոհված զինծառայողների կամ կամավորականների ժառանգների, երաշխավորների և ընտանիքի անդամների՝ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկի գումարների ներման դեպքում այդ գումարները չեն հարկվի եկամտային հարկով:
«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, որով 2016թ.-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար նվազեցվում են հաստատագրված և արտոնագրային վճարների չափերը՝ շրջաններում կիրառելով 0,3, իսկ Ստեփանակերտ քաղաքում 0,6 նվազեցվող գործակից:
«Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման 2015թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությամբ հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, որից հետո բյուջեի կատարողականի վերաբերյալ համապատասխան եզրակացություններ են ներկայացրել վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը և ԱԺ գլխադասային հանձնաժողովների նախագահները:
2015թ. պետական բյուջեի կատարման մասին տեսակետներ են հայտնել նաև ԼՂՀ ԱԺ խմբակցությունները:
24 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ խորհրդարանի որոշումը:
Ընդմիջումից հետո լիագումար նիստին, կանոնակարգի համաձայն, տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: Պատգամավորների՝ կառավարության ներկայացուցիչներին առաջադրած հարցերը վերաբերում էին ռազմական անվտանգության խնդիրներին, արտաքին քաղաքականությանը, մասնավորապես ղարաբաղյան խնդրի բարձրագույն մակարդակով խորհրդատվական քննարկումներին, սոցիալական հիմնադրամների ծրագրերին, միջքաղաքային ճանապարհների բարեկարգմանը, այս տարվա հացահատիկայինների մթերման գնագոյացմանը և այլ ոլորտների:
Օրակարգային մյուս հարցը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունն էր, որը ներկայացրել է ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Ֆինանսների նախարարը նշել էլ, որ 2016թ. առաջին եռամսյակում գրանցվել է 4.4%-ի տնտեսական աճ, ՀՆԱ-ն կազմել է 38.2 մլրդ դրամ:
Գարնանային նստաշրջանի ավարտին տարեկան հաղորդմամբ խորհրդարանի գործունեությունն ամփոփել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: