Մեդվեդևն հանձնարարել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու պլան մշակել
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն հանձնարարել է կառավարությանը գործողությունների փաթեթ մշակել, որով կհանվեն Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական գործակալությունը:
Հունիսի 30-ին կայացած Ռուսաստանի կառավարության նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ տնտեսական սահմանափակումները Թուրքիայի վրայից հանվելու են աստիճանաբար:
«Մի կողմից հարկավոր է հանել այդ սահմանափակումները քաղաքական մթնոլորտի բարելավմանը համապատասխան, սակայն դա չպետք է արվի հայրենական արտադրողների շահերի հաշվին, չպետք է տուժվեն նաև այն տնտեսվարողները, որոնք այս ընթացքում հասցրել են զբաղեցնել շուկայում ազատված դիրքերը»,-նշել է ՌԴ վարչապետը:
Մեդվեդևը նաև հայտարարել է, թե Թուրքիան պարտավոր է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար անվտանգության երաշխիքներ տրամադրել:
Այսպիսով Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է իրականացնել Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունները սահմանափակող պատժամիջոցները վերացնելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականը, որը վերջինս տվել է նախօրեին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Նազարբաևին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում ունեցած ավանդի համար
- Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Թուրքիան ռուս զբոսաշրջիկների առաջև բացելու հարցում
- Թուրքիան և Իսրաելը կարգավորում են հարաբերությունները