Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր հյուրընկալվել են «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պատվիրակության անդամները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, խաղերի մասնակիցներն ուժերը չափելու են 22 մարզաձևից, սակայն, մեր ներկայացուցիչները մասնակցելու են դրանցից 9-ին՝ սամբո, կուրաշ, հրաձգություն, բռնցքամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, մասռեստլինգ, գեղարվեստական մարմնամարզություն և շախմատ:
Նախարարությունում հյուրընկալված մարզիկներին ողջունել և հաջող մրցելույթներ է մաղթել նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը: Նա հույս է հայտնել, որ մարզիկներին կօգնեն ոչ միայն մարզկան պատրաստվածությունը, այլ նաև մարզումների ընթացքում ձեռք բերած հմտությունները:
Հուլիսի 5-17-ը Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» միջազգային մրցաշարը 6-րդն է: Խաղերին մեր երկրի պատվիրակությունը մասնակցում է առաջին անգամ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու են մինչև 16 տարեկան 15 մարզիկներ: