ՃՈ իրավաբանական բաժնի պետը՝ նվազ նշանակության իրավախախտումների դրույթի կիրառման մասին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված նվազ նշանակության իրավախախտումների դրույթը կարելի է բաժանել երկու մասի,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ առաջինի մեջ են մտնում այն դեպքերը, երբ որոշակի ժամանակահատվածում վարորդի կողմից իրավախախտումը վերացնելու դեպքում պատատասխանատվություն չի կիրառվում, իսկ երկրորդի մեջ այն դեպքերն են, երբ կախված որոշակից իրավիճակից, իրավախախտումը կատարելու պայմաններից, վտանգավորության աստիճանից ուղղակի պատասխանատվության միջոց չի կիրառվում և նախազգուշացվում է արվում:
«Առաջին մասի մեջ կարող ենք ընդգրկել այնպիսի իրավախախտումներ, ինչպիսիք են թաղանթապատված ապակիներով վարելը, առանց համապատասխան փաստաթղթի տրանսպորտային միջոց վարելը կամ տեխզննման կտրոնը առանց փակցնելու վարելը»,-ասաց Չիլինգարյանը:
Նրա դիտարկմամբ՝ բոլոր դեպքերում նախատեսված է, եթե իրավախախտման կատարման տեղում վարորդը վերացնում է իրավախախտումը, ապա նրա նկատմամբ ընդհանրապես պատասխանատվության միջոց չի կիրառվում. «Անցած վեց ամիսների ընթացքում բավականին աշխատանք է կատարվել հենց այս դրույթի կիրառմամբ, այս պահին կարող եմ վստահաբար ասել, եթե կան թաղանթապատված ապակիներով տրանսպորտային միջոցներ, ապա դրանք բացառիկ են, որոնք դեռևս չեն հայտնվել ճանապարհային ոստիկանի տեսադաշտում»:
ՃՈ իրավաբանական բաժնի պետը սակայն ընդգծեց մի բացասական բան, որ այս վեց ամսվա փորձը վկայել է այն մասին, որ մարդիկ ուղղակի օգտվում են այս նախազգուշացման դրույթից և նույնիսկ ունեցել են դեպքեր, որ մեկ տրանսպորտային միջոցի նկատմամբ նույն իրավախախտման համար 11 արձանագրություն է կազմվել: Այսինքն վարորդը 24 ժամվա ընթացքում վերացրել է իրավախախտումը, հետո նորից կատարել է. «Այստեղ խնդիր կա հակառակ ուղղությամբ և պետք է այնպիսի նորմեր մշակվեն, որ մարդիկ չկարողանան օգտվել նման հնարավորությունից և պարբերաբար չկրկնեն իրավախախտումը»:
Չիլինգարյանը հայտնեց, որ պատասխանատվություն չկիրառելու երկրորդ մասը կապված է կանգառի կանոնների խախտման, ուղևորի նստել ինջնելու հետ, որոշ տեսակի գծանշումների պահանջների խախտման հետ: Ինչպես նաև երթևեկության գոտիների բաժանող հոծ գծանշումների խախտման հետ, երբ դրանք հատում են միայն մեկ կողմի անիվները: