Պորոշենկո. Մենք հավատում ենք Եվրոպային
«ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը խոսում է Միության կազմում առկա հավատի ճգնաժամի մասին, մինչդեռ Ուկրաինան շարունակում է հավատալ Եվրամիության հնարավորություններին ավելի շատ, քան ցանկացած այլ պետություն»: Այս մասին «BBC»-ի ռուսական գործակալության հաղորդմամբ նշել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «Politico» պարբերականում հուլիսի 7-ին հրապարակված իր հոդվածում:
«Ոչ մի տեղ Եվրոպայում դուք չեք տեսնի ավելի մեծ հավատ Եվրամիության հանդեպ, քան Ուկրաինայում: Դա ոչ թե այն պատճառով, որ մենք չգիտենք ԵՄ-ի թերությունների մասին, այլ որովհետև մենք քաջատեղյակ ենք հնարավոր այլընտրանքներին: Ուկրաինան ընտրեց եվրոպական ուղին ու բախվեց անհիմն ագրեսիայի, որի պատճառը մեր եվրոպական ընտրությունն էր: Մենք համարում ենք, որ Եվրոպան պետք է ավելի կուռ համախմբվի»,-նշել է Պորոշենկոն:
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Եվրամիությունը, որը տասնամյակների կայացման ընթացք է ունեցել և փաստացի մարդկության պատմության ամենահաջողված նախագիծն է, չի դարձել անխոցելի և պետք է շարունակի պայքարը իր շարքերում գործող էգոիզմի ու անկարգության դեմ: