Եթե նման հայտարարություն աներ առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում ընթացող ակցիայի ժամանակ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն ասաց.
«Այսօր հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նա տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել: Անդրադառնալով պահակապարեկային ծառայության գնդում տեղի ունեցածին, «Սասնա ծռեր» խմբի գործողություններին, նա ասել է հետևյալը՝ «այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները առիթ են տվել սրան, այդ պատճառները կվերլուծենք հետո», եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, բայց ՀՀ առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն, առնվազն տարօրինակ է: Պատկերացնո՞ւմ եք, ասել կարիք չկա հասկանալ ինչ հիվանդությամբ է տառապում հիվանդը, եկեք նրան բուժենք, հետո կհասկանանք, թե ինչով էր հիվանդ: Նման բան ասել, նշանակում է հետևյալը, թողենք հիվանդը մեռնի, հետո դիահերձումից կվերլուծենք, թե ինչը դարձավ նրա մահվան պատճառը: Ես համարում եմ, որ սա ամոթալի հայտարարություն է: Միթե առաջին նախագահը կարող է չգիտակցել այս նրբությունը, ես խիստ կասկածում եմ, որ նա չէր հասկանում, թե ինչ է հայտարարում»:
Դիմելով հավաքվածներին՝ Փաշինյանն ասաց, որ «ինչ էլ որոշի հայ ժողովուրդը պարտավորվում ենք այդ որոշումն ի կատար ածել՝ մի պայմանով, որ այդ որոշումը պետք է լինի հստակ, աներկբա, տեսանելի և կասկածի տեղիք չտվող»: