Փաշինյան. Այստեղ չի կարող լինել բռնություն գործադրելու մտադրությամբ եկած ոչ մի քաղաքացի
«Ես եղել եմ, կամ և լինելու եմ այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կլինի ժողովրդին և ՀՀ քաղաքացիներին: Ուզում եք ապրել ուժեղ և երջանիկ ազատ Հայաստանում, ուրեմն կապրեք այդպիսի Հայաստանում, ես ձեզ կարող եմ օգնել»,-դիմելով Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին՝ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ոչ ոստիկանությանը, ոչ բանակին, ոչ մեկին չենք ապացուցելու, որ Սերժ Սարգսյանը պետք է իշխանությունից հեռանա, ժողովուրդը պետք է այդ որոշումը կայացնի Հայաստանի փողոցներում, կամ չկայացնի: Այս քաղաքական հարթակը հարգանքով է վերաբերելու ցանկացած որոշման»,-հավելեց նա:
Նա հորդորեց քաղաքացիներին չտրվել սադրանքներին՝ կոչ անելով ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվողներին գնալ տուն, սթափվելուց հետո վերադառնալ, իսկ թմրանյութի տակ գտվողներին, գնալ ու այլևս չվերադառնալ:
«Այստեղ չի կարող լինել բռնություն գործադրելու մտադրությամբ եկած ոչ մի քաղաքացի և այս շարժման գլխավոր սիմվոլը լինելու է բաց և վեր բարձրացրած ձեռքեր, ցույց տալու համար, որ մեզ պետք չէ մեր ձեռքին ունենալ մահակ, քար կամ փայտ, մեր ուժը ցույց տալու համար, մենք ուժեղ ենք մեր մտքով, մեր սիրով, մեր պատմությամբ, մեր պատասխանատվությամբ: Ես երաշխավորում եմ, ինչ որոշում կայացնի ժողովուրդը, դա ի կատար է ածվելու»,-ասաց պատգամավորը: