Սավչենկոն հավակնում է դառնալ Ուկրաինայի բռնակալ նախագահը
Ուկրաինայի Վերին Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ցանկանում, բայց պետք է դառնա Ուկրաինայի նախագահ:
Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում քաղաքական համակարգը կարելի է փոխել միայն վերևից՝ միաժամանակ չբացառելով, որ բռնատիրությունը կարող է դիտարկվել որպես անցումային փուլ:
«Նախագահի լիազորությունները, երկրի կառուցվածքը փոխելու, օրենքները վերաթարմացնելու համար,որ դրանք գործեն մարդկանց համար, կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է լինել այնպիսի բռնակալ, որն իր ձեռքն է պահում ամեն ինչ: Դառնալ այնպիսի բռնակալ, ով իր ձեռքն է պահում ամեն ինչ, որպեսզի իշխանությունը արդյունքում փոխանցվի ժողովրդին և այն ժողովրդի ձեռքից որևէ մեկը չվերցնի», -հայտարարել է Սավչենկոն:
Նախագահական հավակնությունների մասին հարցին ի պատասխան Սավչենկոն ասել է, որ անհրաժեշտություն է համարում իր՝ նախագահական ընտրություններին մասնակցելը:
«Ես այդ հարցին պատասխանել եմ, որ չեմ ցանկանում, պատասխանել եմ՝ կարող եմ: Իսկ հիմա պատասխանում եմ, որ ամենայն հավանականությամբ, ես պետք է դառնամ Ուկրաինայի նախագահ», -ասել է նա:
Սավչենկոն երկար ժամանակ անցկացրեց Ռուսաստանում անազատության մեջ և մեղադրվում էր Դոնբասում ռուս լրագրողների սպանության մեջ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված համաներման մասին հրամանագրով, ազատ էր արձակվել և գնացել Ուկրաինա: