Դերենիկ Գաբրիելյան. «Աստծո կամոք կունենանք և՛ ոսկե, և՛ արծաթե, և՛ բրոնզե մեդալներ»
Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով հուլիսի 24-ին Օլիմպիական խաղերի մայրաքաղաք մեկնեցին Հայաստանի պատվիրակության ղեկավար` Դերենիկ Գաբրիելյանը և խաղերի ադմինիստրատիվ աշխատակիցներ` Անժելա Միրզոյանն ու Գոհար Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոնը Դերենիկ Գաբրիելյանի համար 5-րդն է:
«Աստծո կամոք՝ այս անգամ մենք կունենանք և՛ ոսկե, և՛ արծաթե, և՛ բրոնզե մեդալներ: Ես շնորհակալ եմ իմ հայրենակիցներին և վստահ եմ, որ նրանք սպասում են մեր մարզիկների հաղթանակներին: Թվում է՝ պատվիրակության ղեկավար լինելը հեշտ է: Ասեմ ձեզ` դա այդքան էլ այդպես չէ: ՀԱՕԿ նախագահն արդեն հինգերորդ անգամ ինձ է վստահում այդ պաշտոնը, որը բավականին պատասխանատու է: Հիմա, երբ կհասնենք մրցատեղի, շատ հարցեր պետք է կարգավորենք՝ սկսած անվտանգությունից, վերջացրած՝ սնունդով, տրանսպորտով և այլ տնտեսական մանրուքներով: Պետք է, որ ամեն ինչ հրաշալի լինի: Հավատում և սպասում եմ, հաջողություն»,- ասել է Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին` Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ն աշխարհի 205 երկներից մոտ 10.500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուների համար: