«Սահմանին ծառայությունն է ծառայություն». Զորակոչի վիճակահանություն
«Միայն թող խաղաղություն լինի, որտեղ ուզում է՝ ծառայի»:
Խաղաղություն… Այս դեպքում ծնողի համար արդեն երկրորդական է դառնում, թե որ արկղից որ զորամասի համարը կհանի որդին:
Կենտրոնական հավաքակայանում այսօր կեսօրին մոտ մի քանի հարյուր նորակոչիկ կա: Գրեթե բոլորն էլ ծնողների հետ են: Խումբ-խումբ մտնում են համապատասխան սենյակ, մոտենում սեղանին, թափանցիկ թմբուկներից որևէ մեկից հանում փոքրիկ թուղթը, որի վրա զորամասի համարն ու այն վայրը, որտեղ գտնվում է զորամասը: Այս ամբողջ գործընթացին հետևում են ծնողները, նաև տեսաձայնագրվում է:
Արդեն չորս տարի է՝ նորակոչիկները վիճակահանության միջոցով են ընտրում ծառայության վայրը:
«Ա» գրությամբ թմբուկից վիճակ են հանում այն զորակոչիկները, ովքեր «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով օգտվում են արտոնություններից:
«Մ» գրությամբ թմբուկից վիճակ են հանում այն զորակիչները, ովքեր զինկոմիսարիատի ուղեգրով սովորել են «ԴՕՍԱՖ» հասարակական կազմակերպություններում:
«Ը» գրությամբ թմբուկից վիճակ են հանում մնացած զորակիչները:
Ամենաշատը մոտենում են հենց այս թմբուկին:
«Մի քիչ վախենալով ձեռքս մտցրեցի թմբուկի մեջ: Հանեցի և կարդացի Մեղրի: Բայց ճիշտն ասած, այդքան էլ կապ չուներ ինձ համար, թե որտեղ կծառայեմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նորակոչիկներից մեկը:
Մյուսը շարունակեց. «Ուր էլ գնանք՝ բանակ է: Բայց սահմանին ծառայությունն է ծառայություն, ոչ թե սովորական չաստում մի հատ խախանդ տեղ»:
Մխիթար Սարիբեկյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից է: Ծառայելու է Տավուշի զորամասերից մեկում. «Տարբերություն չկա՝ որտեղ կծառայեմ: Կարևորը ծառայեմ՝ հասնեմ տուն, ընտանիքիս»:
Ճամբարակից Ռադիկ Ապեսյանը ծառայելու է Արցախում. «Ուզում էի հենց այնտեղ էլ ծառայել: Ընկերներս բոլորն այնտեղ են ծառայում: Իհարկե, դժվար է ծառայությունը, բայց ծառայություն է, ամեն տեղ էլ դժվար է»:
Գավառից երկվորյակ եղբայրները ծառայության երկու տարին անցկացնելու են Նուբարաշենի զորամասում. «Արցախ էինք ուզում, բաց Նուբարաշենն էլ շատ լավ է»:
Ի տարբերություն նորակոչիկների, ովքեր լավ տրամադրություն ունեն, կատակներ են անում միմյանց հետ, ծնողները հուզված են, նույնիսկ դժվարանում են խոսել: Panorama.am-ի հետ զրույցում ասացին՝ գոհ են վիճակահանության ընթացքից:
«Ամեն ինչ նորմալ է, որևէ դժգոհություն չունեմ: Մեր ազգի զինվորներն են, պետք է ծառայեն: Ես էլ եմ ծառայել»,- ասաց նորակոչիկի հայր Սամվել Սարգսյանը:
Նորայր Մելքումյանը նշեց, որ որդին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առաջին կուրսը: Նա նույնպես գոհ է վիճակահանության ընթացքից: Միաժամանակ ասաց. «Ինչ տարբերություն, թե որտեղ է ծառայելու: Եթե պատերազմ է, պատերազմ է»:
Փոխգնդապետ, վիճականության հանձնաժողովի անդամ Գրիգոր Վարդանյանի խոսքով, ծնողներից շատ քիչ են բողոքներ ստանում: «Եթե ստանում ենք, հիմնականում կապված է լինում օրենքի թյուր իմացության հետ: Կարծում են, որ պետք է օգտվեն արտոնություններից, քանի որ, օրինակ, միայնակ մայր է, բայց չի կարդում, որ պետք է անցած լինի տարիքային թոշակի կամ երրորդ կարգի հաշմանդամ լինի: Օրենքը պարզաբանվում է մինչև վերջին տարրը»,-ասաց փոխգնդապետը:
Պատասխաելով հարցին, թե ինչքանո՞վ է վիճակահանությունը նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, Գ. Վարդանյանն ասաց. «Ամեն ինչ տեղի է ունենում ծնողի աչքի առաջ: Եթե նույնիսկ նույն այս ամենը կատարվեր ինչ- որ կաբինետում հանձաժողովի միջոցով՝ էլի ասեկոսների առիթ կտար»:
Նա նշեց, որ, ըստ պահանջարկի է որոշվում, թե տվյալ զորամաս քանի նորակոչիկ պետք է զորակոչվի:
«Մեր զորամասերը հիմնականում սահմաններում են լինում, հեռու տեղերում: Քաղաքում ինչի է զորամաս պետք: Զինվորն իր հիմնական խնդիրը սահմանում է կատարում»,- ասաց փոխգնդապետը:
2016 թ. ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին, կշարունակվի մինչև օգոստոսի 1-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին