Ա. Մելիքյան. Ընդհանուր առմամբ հաջողվեց հասարակությանը ծանոթացնել, թե ինչ է տեղի ունեցել Խորենացի փողոցում
«ՊՊԾ գնունդը «Սասնա ծռեր» խմբի անդամներից կողմից գրավելուց հետո և այս ամբողջ ընթացքում երևաց, որ Հայաստանում հեռուստաընկերությունները գտնվում են ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ իշխանությունների վերահսկողության տակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ըստ նրա, այս իրադարաձություների լուսաբանման պարագայում նկատվում էր ինչ-որ տեղից «դիրիժորի փայտիկի աշխատանքը». «Հենց առաջին օրը երեկոյան, երկրորդ օրն ակտիվորեն կիրառվող «ահաբեկչություն», «ահաբեկիչ» բառերը, նաև տարբեր քաղաքական գործիչների, մտավորականների շուրթերով, օգտագորվում էր և բնորոշ էր բոլորին: Երբ սկսվեցին որոշ մեղամացումներ, բանակցությունները, նույն դիրիժորական փայտիկով, կարծես թե, այդ բառապաշարը մեղմացավ: Հետո նորից կոշտացավ, երբ իշխանությունը գրեթե ամբողջությամբ նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը»:
Ա. Մելիքյանը նշեց, որ հեռուստաընկերությունները շատ հաճախ, կարծես թե դառնում էին ԱԱԾ-ի և ոստիկանության տրիբունան, և ոչ թե լրատվամիջոց:
«Երկրում արտակարգ դրություն մտցված չէ, լրատվամիջոցները պետք է իրենց գործառույթները կատարեն, չբավարարվեն պետական պաշտոնական տեղեկատվությամբ, փաստեր, տեղեկություններ փնտրեն տարբեր աղբյուրներից, բայց, իհարկե, հանդես գան ճշգրտված փաստերով: Հեռուստաընկերություններն այս օրերին զբաղվում էին պրոպագանդայով»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Ա.Մելիքյանը նշեց, որ նման դեպքերում պետք է ոչ թե սահմանափակել լրատվությունը, այլ հնարավորություն տալ հասարակությանն առավելագույնը տեղեկանալու, թե ինչ է կատարվում, որպեսզի խուճապ չառաջանա. «Փաստերը տվեք, թող մարդիկ եզրակացություններ անեն»:
Ըստ նրա, լավ է, որ կան առցանց լրատվամիջոցները:
«Իհարկե, այստեղ էլ կարող են մանիպուլյացիաների փորձեր կատարվեն, ասեկոսեներ լինեն, բայց հասկացող, մտածող ընթերողի համար առցանց լրատվամիջոցները շատ կարևոր են, նրանք կարող են ասեկսոսեն տարբերել փաստից, լրատվությունը՝ պրոպագանդայից»,- նշեց նա:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի խոսքով, այս առումով, ընդհանուր առմամբ, հաջողվեց հասարակությանը ծանոթացնել, թե ինչ է տեղի ունեցել, տեղի ունենում Խորենացի փողոցում: