Նավասարդյան. «Ռուսաստանը կամաց-կամաց իր հսկողության տակ է վերցնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը»
«Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ադրբեջանն ինչ-որ բան պետք է ստանա: Այն, ինչը կարելի է Ադրբեջանին առանց մեծ կորուստների մատուցել, դա Ղարաբաղի որոշ տարածքների վերադարձն է: Մինչդեռ մեզանում կա ծայրահեղական մոտեցում, որ Ռուսաստանը Հայաստանին վաճառում է Թուրքիային և Ադրբեջանին: Իհարկե, դա այդպես չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Հայաստանի ռեսուրսը՝ ի դեմս այդ տարածքների, փորձում է օգտագործել իր նպատակների համար, բայց Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանն այստեղ լինի և մնա որպես խաղացող, բայց այնպիսի խաղացող, որը քայլեր է անում միայն Ռուսաստանի թելադրանքով:
«Այդ ամբողջ համատեքստում մենք տեսնում ենք մեզ համար տհաճ զարգացում, այն, որ Ռուսաստանը կամաց-կամաց իր հսկողության տակ է վերցնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Դա արդեն կատարված փաստ է»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա գործընթաց է գնում, որ ինքնիշխան պետության ևս մեկ ֆունկցիան՝ անվտանգության խնդիրը, Ռուսաստանը վերցնի իր ձեռքը:
«Ինչպիսի՞ն է ձևաչափը. Հայաստանը ինչ-որ զիջումների պետք է գնա, փոխարենը Ռուսաստանն իր վրա վերցնում է ՀՀ անվտանգության պատասխանատվությունը»,- նշեց նա:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Թուրքիան կարող է մասնակից դառնալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, Բորիս Նավասարդյանն ասաց, որ այդ հայտարարությունը բավականին հեռու են իրականությունից: