Հայ շախմատիստները մրցանակային տեղեր չզբաղեցրին
Մարտունիում ավարտվեց «Սևանա լիճ 2016» շախմատի մրցաշարը: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում էր Վիդիթ Սանթոշ Գուջրաթին: 9-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով մրցում էր 2-րդ հորիզոնականում ընթացող Դուդա Յան Քշիշտոֆի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, հնդիկ գրոսմայստերը վաստակեց 6 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, վերջին տուրի հաղթանակի շնորհիվ 6 միավոր վաստակեց նաև Վլադիսլավ Արտեմևը, սակայն ավելի ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով Արտեմևը դարձավ երկրորդը, իսկ Դուդա Յան Քշիշտոֆը գրավեց երրորդ հորիզոնականը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մրցանակային տեղեր չզբաղեցրին: Սամվել Տեր-Սահակյանը վաստակած 5 միավորով գրավեց 5-րդ տեղը, Ռոբերտ Հովհաննիսյանը 4 միավորով 7-րդն է, Արման Փաշիկյանը 3,5 միավորով 8-րդը, իսկ Հովհաննես Գաբուզյանը` 2,5 միավորով եզրափակում է տասնյակը: