Վենեսուելայի կենդանաբանական այգում մոտ 50 կենդանի սովից սատկել է
Վերջին կես տարում Վենեսուելայի մայրաքաղաքի «Կարիկուաո» կենդանաբանական այգում մոտ 50 կենդանի սովից սատկել է։ BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է կենդանաբանական այգիների աշխատակիցների արհմիության ղեկավար Մարլեն Սիֆոնտեսը։
Նրա խոսքերով՝ որոշ կենդանիներ սատկելուց երկու շաբաթ առաջ ապրել են առանց սննդի, առյուծների ու վագրերի սննդակարգում մսի սղության պատճառով հավելել են մանգո և դդում։
Սակայն, ըստ աղբյուրի, Վենեսուելայի իշխանությունները հերքում են, որ կենդանիները սովից են սատկել:
Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ Վենեսուելայի այլ քաղաքների կենդանաբանական այգիներն ավելի ծայրահեղ վիճակում են։ Աշխատակիցները ստիպված տեղի ձեռնարկատերերից միս և մրգեր են խնդրում կենդանիների համար։
Վենեսուելան գտնվում է ծանր տնտեսական ճգնաժամային վիճակում, ինչն առաջացել է նավթի գների անկումից։ Ընդդիմությունը կարծում է, որ ճգնաժամի պատճառը նաև իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունն է։
Երկրում առաջին անհրաժեշտության ապրանքները չեն բավականացնում բնակչությանը։ Հուլիսի սկզբին էլ ավելի քան 500 վենեսուեալացի կին անցել է Կոլումբիայի հետ սահմանը՝ հարևան երկրում մթերք գնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մոտ 500 վենեսուելացի կանայք սննդի բացակայության պատճառով գրոհել են Կոլումբիայի հետ սահմանը
- Վենեսուելայում սննդի համար պայքարը շարունակվում է