Նույնիսկ անօրինական հավաքը կարող է համարվել իրավաչափ. Իրավաբան
«Միջազգային իրավապաշտապան կազմակերպությունները, երբ որ կա զենքի գործադրման հետ կապված հարց, միշտ զուսպ են: Բայց, առանց կասկածի, ոստիկանական ապօրինություններին կտրվեն համարժեք գնահատական»,- «Մեդիա կենտրոն»-ում «Երևանյան իրադարձություններ. Ոստիկանության գործողությունները խաղաղ հավաքների ժամանակ» թեմայով քննարկմանն ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Ըստ նրա, երեկվա գործողություններից հետո, երբ ոստիկաններն առանց որևէ հիմքի Խորենացի փողոցից բերման էին ենթարկում քաղաքացիներին, պետք է այդ քաղաքացիները դիմում գրեն հատուկ քննչական ծառայություն, այնուհետև դիմեն իրավապաշտպան կազմակերություններին՝ իրավական աջակցություն ստանալու համար:
Քննարկման ներկա ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց. «Այն, ինչ կատարվեց երեկվա ընթացքում, մեկ անուն պետք է տալ՝ առևանգում քաղաքացիներին փողոցից: Եթե բերման են ենթարկում զենք, զինամթերք պահելու, խմբի անդամներին աջակցելու կասկածանքով, ինչո՞ւ են գնումներ անող տատիկներին քարշ տալով տանում»:
Ըստ նրա, այս օրերի հավաքները չունեն լիդերներ, ամբողջը գնում է ինքնափնտրտուքի ճանապարհով, տեղում քննարկվում, և ընդունվում են որոշումներ, ծրագրեր:
«Գործ ունենք բացարձակ բաց հանրային ընդվզման և հանրության վրա մեծագույն ճնշում գործադրելու անհասկանալի երևույթի հետ»,- ասաց ազգագրագետը:
Իրավաբան, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան Արա Ղազարյանն ասաց, որ ոստիկանության դե յուրե և դե ֆակտո նպատակները չեն համընկնում. դե յուրե նպատակը հասարակության կարգ ու կանոնն է, բայց առանց խտրականության բերման են ենթարկում, նշանակում է, որ քողարկված այլ նպատակ է դրված, կարելի է հասկանալ՝ չեզոքացնել հասարակական, քաղաքացիական ակտիվիզմը:
Իրավաբանը հիշեցրեց Եվրոպական դատարանի նախադեպային դրույթներից մեկը, որ նույնիսկ անօրինական հավաքը կարող է համարվել իրավաչափ. «Այսինքն չկա թույլտվություն, բայց քաղաքացին կանգնած է, իր բողոքն է արտահայտում, անհրաժեշտության սկզբունքից ելնելով կարող է համարվել իրավաչափ»:
Նրա կարծիքով, միջազգային իրավապաշտպան կառույցները չեն արձագանքում դեպքերին միգուցե այն պատճառով, որ հանրության ընդվզումը փոխկապակցված է ՊՊԾ գնդի գրավման հետ, իսկ զավթումը, պատանդ պահելը, անօրինական զենք, զինամթերք կրելը, կիրառելը, ի սկզբանե գործողություններ են, որոնք զրկված են լեգիտիմությունից:
Նշենք, որ ՓՊ-ն տրամադրում է անվճար փաստաբանական օգնություն՝ ՀՀ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց իրավաբանական աջակցության համար, կարող են դիմել ՀՀ Փաստաբանների պալատ՝ քաղաք Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ, հեռախոսահամար՝ (010) 600701
Հարակից հրապարակումներ`
- «ICI Radio Canada»-ն անդրադարձել է Արսինե Խանջյանի հետ միջադեպին
- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյանը հայտնում է, որ այժմ ոստիկանության Կենտրոնականի բաժնում բերման ենթարկվածներ չկան
- Անթույլատրելի է առանց պատշաճ բացատրության քաղաքացիներին բերման ենթարկելը.ՄԻՊ