Այաթոլլահ Շաբեսթարի. Իրանը կվերսկսի միջուկային ծրագիրը՝ եթե ԵՄ-ն չկատարի իր պարտավորությունները
Իրանը կվերսկսի միջուկային ծրագիրը՝ եթե ԵՄ-ն չկատարի իր պարտավորությունները,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Արևելյան Ատրպատական նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը, այսօր տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության կատարման ընթացքին, մասնավորապես նշել է. «Ամերիկացի պաշտոնյաները պարծենում են, թե կարողացել են դիվանագիտական ճանապարհով կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը, որը սակայն ռազմական նպատակ չի հետապնդել, քանի որ ԻԻՀ հոգևոր առաջնորդի ֆեթվայի համաձայն՝ միջուկային զենքը հարամ է համարվում»:
Շարունակելով խոսքը՝ այաթոլլահ Շաբեսթարին հավելել է. «Միջուկային ծրագրի այն հատվածը, որը կասեցրել ենք, ժամանակավոր է: Եթե եվրոպական երկրները չկատարեն իրենց պարտավորությունները, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն կվերսկսի միջուկային ծրագիրը, այլև նախկինի համեմատ՝ մի քանի անգամ այն կավելացնի»:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Ֆիլադելֆիայում դեմոկրատական կուսակցության անդամների հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված համաձայնությանը, ասել է. «Հպարտ եմ, որ կարողացանք առանց որևէ կրակոցի Իրանի միջուկային ծրագիրը կասեցնել: Մենք պետք է այս իրավիճակը պահպանենք և շարունակենք աջակցել Իսրայելի անվտանգության պաշտպանության գործընթացին»: