Փաստաբան. Լևոն Բարսեղյանը հավաքներին մասնակցելու համար ուղղակիորեն ենթարկվեց քրեական հետապնդման
Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղանի նկատմամբ հարուցված քրեական գործն ամբողջությամբ կարճվել է, նման տեսակի նույն հիմքով գործ երբևէ Բարսեղյանի նկատամբ կամ իր ներգրավմամբ չի կարող հարուցվել, նույն հիմքով Բարսեղյանը նորից ազատազրկման մեջ հայտնվել երբևէ չի կարող,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լևոն Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման էր ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել էր 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ, և, սառը զենք կրելու մեղադրանքով ձերբակալվել: Լևոն Բարսեղյանն արդեն ազատության մեջ է:
Ըստ փաստաբանի, ամենահիմնական ու մեծ խախտումը, որը Լևոն Բարսեղյանի նկատմամբ դրսևորվել է, իր խոսքի ազատության, հավաքի ազատության, հավաքներին մասնակցելու համար ուղղակիորեն ենթարկվեց քրեական հետապնդման:
«Մնացածն ածանցյալ, զուտ քրեադատավարական կարգի խախտումներ էին, ընդ որում՝ չափազանց կոպիտ խախտումներ: Զուտ, միայն ազատազրկումը մինչև ձերբակալման մասին արձանագրություն կազմելը և պաշտոնապես ձերբակալման վերաբերյալ տվյալները մեզ հայտնելը, գրեթե 14-15 ժամ անազատության մեջ գտվելը բացարձակապես, որևէ իրավական հիմքով արդարացման ենթակա չէ, ավելի՝ երբ անձի նկատմամբ նաև անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է դրսևորվել»,- ասաց Հ. Հարությունյանը:
Փաստաբանը նշեց, որ ոստիկանության գործողությունների մասով բողոքելու են ու հասնելու են իրենց բավարարող գնահատականներին:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Բարսեղյանն ազատ արձակվեց
- Քննչական կոմիտե. Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ
- ՀԿ-ներ. Ազատ արձակել Լևոն Բարսեղյանին, դադարեցնել բռնությունները
- Փաստաբան. Լևոն Բարսեղյանի ձերբակալությունը պետք է շտապ բողոքարկվի
- Լևոն Բարսեղյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ծալովի դանակ կրելու համար
- Մարդու իրավունքների պաշտպանը Լևոն Բարսեղյանի գործով սկսել է հարցի քննարկման ընթացակարգ
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լևոն Բարսեղյանին