Ռուսական ռազմաբազայի զինծառայողին ոստիկանները հայտնաբերել են Երևանում
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողին, ով մի քանի օր աշխատանքի չէր ներկայացել, ոստիկանության աշխատակիցները գտել են մայրաքաղաքում:
Ոստիկանությունից Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ ռուսական ռազմաբազայի աշխատակցին հայտնաբերել են ու հանձնել ռուսական կողմին:
Ավելի վաղ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Նշվել է նաև, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից:
Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել»:
Տարբեր տեղեկություններով, պայմանագրային աշխատակիցը ռազմաբազա ազատ ելք ու մուտքի իրավունք ունի: Նա մի քանի օր աշխատանքի չի ներկայացել, ինչից հետո ռազմաբազայի ղեկավարությունը դիմել է ոստիկանությանը:
Զինծառայողի վերաբերյալ անձնական տեղեկություններ իրավապահ մարմնից չհայտնեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան