ԼՂՀ նախագահ. Պետությունը անելու է հնարավորը պատերազմի հետևանքները վերացնելու համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջան: Երկրի ղեկավարը ծանոթացել է շրջանում իրականացվող ճանապարհների և հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահն այցելել է նաև Ալաշան տեղամաս և տեղում ծանոթացել սույն թվականի ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած թալիշցիների համար բնակարանների կառուցման աշխատանքներին: Նախագահը նշել է, որ պետությունը անելու է հնարավորը պատերազմի հետևանքները վերացնելու համար:
Այնուհետև Պողոսագոմեր գյուղում Նախագահը հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել բնակավայրի կենսագործունեությանն առնչվող հարցերին:
Նույն օրը Վանք գյուղում Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն Մարտակերտի շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են Մարտակերտի շրջանի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, առկա խնդիրներին ու հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հացահատիկային կուլտուրաների բերքահավաքին: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այսուհետ էլ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի շրջանի գյուղատնտեսության ոլորտը զարգանա բարձր եւ կայուն տեմպերով:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին