The Guardian-ը՝ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի մասին
Երբ Անժելա Այվազյանի թոռնուհին մանկապարտեզից տուն եկավ, կրակոցները սկսեցին: Հենց հնգամյա աղջնակը լսեց ձայները, գլուխը կախ արեց ու վախեցած տուն վազեց:
«Խելացի աղջիկ է: Նա գիտի, որ ոչ մի դեպքում չպետք է կանգ առնել»,- The Guardian-ի թղթակցին թոռնուհու մասին ասել է տատիկը:
«Այս անգամ ոչ ոք չտուժեց, բայց բոլորը գիտեն, որ Մովսեսում՝ Բերդից հյուսիս-արևելք ընկած փոքրիկ գյուղում, դիպուկահարները կրկին կկրակեն: Այվազյանն ասում է՝ դա ժամանակի հարց է»,-գրում է պարբերականը:
Մովսեսի ընտանիքների համար, հուլիսի վերջին հարձակումը իրենց ամենօրյա կյանքի մաս է: Այս գյուղն Ադրբեջանից ընդամենը 300 մ հեռավորության վրա է: Տեղացիներն ասում են, որ գյուղի 90 տոկոսը թշնամու դիտակետի ներքո է, տների մեծ մասը՝ դիպուկահարների նշանառության տակ:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը 55 տարի ապրում է այդ համայնքում:
«Դժվար գտնեք մի տուն, որի վրա հրազենի հետքեր չկան»,-ասել է նա:
Գյուղապետի տունը հակառակորդը թիրախավորել էր անցած տարվա սեպտեմբերին:
«Նրանք անկանոն կրակ էին բացել: Գիտեն, որ այստեղ մարդիկ են ապրում, դրա համար էլ համոզված են, որ ինչ-որ մեկին վնաս կպատճառեն»,-ասել է նա:
Պարբերականը ներկայացնում է Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը, հիշեցնում, որ ապրիլին էլ խախտվեց 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագիրը, երկու կողմն էլ մեծ թվով զոհեր ունեցան:
Անհագիստ սահմաններին մոտ ապրող բնակիչների համար կյանքն ավելի է բարդանում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում:
Պարբերականը գրում է «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն»-ի գործունեության մասին: Կենտրոնի ղեկավար Անահիտ Բադալյանը պատմել է, որ կազմակերպությունում աշխատում են կանայք՝ ստեղծելով ձեռագործ աշխատանքներ, ուսումնասիրելով հակամարտության հոգեբանական ազդեցությունը: Նա ասել է, որ այստեղ կանանց 86 տոկոսը տառապում են հոգեկան առողջության խնդիրներով՝ դեպրեսիա, սթրես: Դրանք հիմնականում պայմանավորված են սահմանին կյանքի դժվարություններով:
Անժելա Այվազյանը պատմել է, որ տարիներ առաջ Մոսկվա է մեկնել, աշխատանք գտել, բայց այնտեղ կարողացել է մնալ ընդամենը չորս ամիս, Հայաստանից հեռու ապրելը չափազանց դժվար է: Նրան անընդհատ ուղեկցում է սթրեսը. Նրա ամուսինը 22 տարի շարունակ առաջին գծում է եղել, հիմա թոշակի է անցել: Հիմա էլ տղան է զինված ուժերում: Իրենց հերթապահությունն իրականացնելիս տղամարդիկ կարող են մինչև 2.5 ամիս բացակայել տանից: Անժելա Այվազյանը քնի խնդիրներ ունի, որդու համար անհանգստությունը վնասել է դիմային նյարդը: Նա բերանը շարժելու հետ կապված խնդիրներ ունի, խանգարվել է տեսողությունը:
Մովսեսի տներից մեկում ապրում է Կիմա Ալիպյանը: Նա հոգնած ցույց է տալիս տան ննջասենյակի պատի հետքերը:
«Անցած տարվա օգոստոսին նրանք (ադրբեջանցիները,-խմբ.) խելագարվել էին՝ ամեն երեկո՝ ժամը 7-ին սկսում էին կրակել: Եթե մի օր ժամը 7-ին չէին կրակում, բոլորը զարմանում էին՝ ինչո՞ւ չեն կրակում: Մենք սովորել էինք դրան: Այսքան տարիներ այստեղ ենք ապրում, այնքան եմ հոգնել սրանից: Մեր երեխաները, մեր թոռները մեծանում են այս ամենի մեջ: Վիճակը չի լավանում, ավելի վատանում է»,-պատմել է կինը:
Մինչ Ադրբեջանի հետ պատերազմն ու դրան հետևած շրջափակումը Բերդի շրջանում գործարաններ էին աշխատում, գինի, պահածոներ, ծխախոտ, գորգեր էին արտադրում, աշխատակիցների մեծ մասն էլ տեղացի կանայք էին: 1994-ի զինադադարից հետո գործարանները փակ մնացին: Հիմա տեղացի կանանց մեծ մասը գործազուրկ է, նրանց հույսն իրենց ամուսինների կամ զինվորական դառնալն է կամ Ռուսաստան արտագաղթելը:
Մովսեսում 2.156 մարդ է ապրում, բայց գյուղապետն ասում է, որ 300-400 հոգի այս տարի մտադիր է հեռանալ Ռուսաստան. «Աշխատատեղեր չկան, դրա համար էլ հեռանում են»:
«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն»-ում աշխատող կանայք ձեռագործ խաղալիքներ ու ամանորյա զարդեր են պատրաստում: Նրանք հիմա շատ պատվերներ ունեն:
«Բայց մենք ավելի շատ ենք ուզում, ավելի շատ ենք պատրաստում, մենք այնքան արագ ենք գործում, մեր աշխատանքը եռում է»,-ասել է Ալիպյանը:
Հարակից հրապարակումներ`
- Handmade in Armenia. Բերդի կանայք նոր արտադրանքով են ներկայանում
- Սահմանի կանայք. Անահիտն ու Բերդի ֆիրմային արջուկները` «Berd bears» (լուսանկարներ)
- Սահմանի կանայք. «Երբ գնում էինք կռվի, չէինք մտածում, որ ապրելու ենք»