Զինվորի մայրը ստիպված դիմել է գերմանական իրավապահներին՝ որպես հայրենակցի խաբեության զոհ
Ապրիլյան մարտերի ժամանակ Թալիշում ծանր վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանը և նրա մայրը՝ Անահիտը, Գերմանիայի Բոն քաղաքում բուժում ստանալու ընթացքում մեծ դժվարությունների են հանդիպել, ծանր ապրումների մեջ ընկել: Պատճառը եղել է նրանց և Բոննի համալսարանական կլինիկայի միջև միջնորդ հանդիսացած հայազգի Վարդան Խաչատրյանը:
Ռուբենի մորաքույրը՝ Նարինե Թումանյանը, Panorama.am-ին տեղեկացրեց, որ Բոնն մեկնելուց առաջ իրենք պայմանագիր են կնքում իրենց հետ կապված և իր ծառայություններն առաջարկած «Էյ Բի Սի Գլոբալ Մեդ» բժշկական ձեռնարկության հետ, որի խորհրդատուն էլ եղել է Վարդան Խաչատրյանը:
«Մենք բացի կլինիկային գումար փոխանցելուց, 11 հազար եվրո փոխանցել ենք նաև նրա ձեռնարկությանը, որը պետք է ապահովեր տեխնիկական կարիքները՝ Ռուբենի մայրիկի կեցության հարցերը, նրանց թարգմանիչով ապահովելը: Սակայն, և Ռուբենը, և նրա մայրը այդ օրերի ընթացքում մնացել են հիվանդանոցում, որտեղ մնալն անվճար է, իսկ թարգմանիչ էլ չի եղել: Բացի այդ, 500 եվրո Անահիտից պահանջել է՝ ինչ-որ վիրուս վերացնելու համար, 4 հազար եվրո՝ սայլակների համար, 2 հազար եվրո կատետրի համար, բայց մենք հետո պարզեցինք, որ դա բուժհիմնարկի ծառայությունների մեջ է մտած եղել: Այսինքն՝ վիրուսն են վերացրել, ձրի, կատետր են փոխել ձրի, բայց ինքը Անահիտից գումարներ է կորզել: Դե Անահիտն էլ իր որդու համար ամեն ինչ արել», -ասաց տիկին Թումանյանը:
Նրա ներկայացմամբ, թարգմանական ծառայությունների համար, օրինակ, Խաչատրյանն առաջարկել է իր կնոջը՝ որպես թարգմանիչ, իսկ դստերը՝ որպես խնամակալ: Բայց Նարինեի փոխանցմամբ, ինքը մշտապես կապի մեջ է եղել Անահիտի հետ և տեղյակ է, որ ոչ խնամակալը և ոչ էլ թարգմանիչը իրենց պարտավորությունները չեն կատարել:
Ռուբենի և նրա մոր հետ կատարվածը պարզելու և ծախսերի թափանցիկությունը ստուգելու համար վերջերս Գերմանիա է մեկնել Նարինեի ամուսինը՝ Հովհաննես Թումանյանը:
Նարինեի փոխանցմամբ, ամուսինը Վարդան Խաչատրյանից պահանջել է ծառայությունների համար վճարած գումարի կտրոնները, սակայն երկար պահանջներից հետո հաջողվել է տեսնել միայն մեկ կտրոն՝ 1200 եվրո գումարի, որը օդանավակայանից Ռուբենին ռեանիմոբիլով կլինիկա տեղափոխման վարձն է եղել: Մյուս ծախսերի համար կտրոնների պահանջը անպատասխան է մնացել. Նարինեն ասում է, որ Վարդան Խաչաըտրյանը միշտ ինչ-ինչ պատճառներով խուսափել է ներկայացնել կտրոնները:
Արդյունքում հուլիսի 26-ին Առաքելյանն ու նրա մայրը դիմում են գրել՝ հրաժարվելով Վարդան Խաչատրյանի և նրա «Էյ Բի Սի Գլոբալ Մեդ» բժշկական ձեռնարկության ծառայություններից: Եվ դրանից հետո ձեռնարկությունը վերադարձրել է 4499 եվրո գումար: Ավելին, տիկին Անահիտը իրավապահներին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին և ասել, որ տուժել է Վարդան Խաչատրյանի խարդախությունների հետևանքով:
Տիկին Նարինեն ասում է, որ իր քրոջ և Ռուբենի նյարդային համակարգը խանգարվել է այդ իրադարձությունների հետևանքով, Ռուբենը նույնիսկ ցավ է հայտնել, որ ուժ չունի մորը պաշտպանելու: Այժմ մայր ու որդի միայնակ են, խնամակալ չունեն և ոչ էլ թարգմանիչ, տիկին Նարինեի փոխանցմամբ, նրանց տեղի մյուս հայերն են շատ օգնում:
«Ստեղ զինվորի մասին է խոսքը գնում, պետք է գետինը փորի ընկնի մեջը, էդքան հեշտ է՞ պաշտպանության նախարարի մոտ մտնել, գումար աղաչել, որ գումար տա, իսկ ինքը գնա ուտի էդ փողը: Մի թոշակառու կին կար, լսել էր Ռուբենի մասին, բերեց ստացած 20 հազար դրամ թոշակը դրեց երեխու ձեռքի մեջ ասեց՝ տար հետդ, պետք կգա: Դու ոնց ե՞ս էդ փողն ուտում, այ խարդախ», -Խաչատրյանի գործողություններից վրդովված էր Ռուբենի մորաքույրը:
Ինքը՝ Խաչատրյանը, «Առավոտ» թերթին տված հարցազրույցում հերքել էր իր հասցեին ուղղված մեղադրանքները:
Ռուբենն այժմ ճիշտ է, շարժում է ձեռքը, վերջույթները բայց չի զգում: Բոննի կլինիկայում Ռուբեն Առաքելյանի բուժման առաջին փուլը կշարունակվի մինչև սեպտեմբերի 13-ը: Հարազատները մտադիր են այստեղ շարունակել զինծառայողի բուժումը, քանի որ մեկ վիրահատություն ևս պետք է անել: Բուժման ու ընթացիկ ծախսերը հոգալու համար Բոննի հայերը վաղը՝ օգոստոսի 21-ին բարեգործական միջոցառում են կազմակերպել:
Հարակից հրապարակումներ`
- Բժշկի պնդմամբ՝ Արցախում վիրավորված Ռուբեն Առաքելյանի բուժման գումարն ինքը չի գրպանել.«Առավոտ»
- Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանը տեղափոխվել է Բոնն
- Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանին Գերմանիայում բուժելու համար ամբողջ գումարը հավաքվել է
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը