Ֆրանսիայում կտրուկ նվազել են օտարերկրյա զբոսաշրջիկները
Հաճախակի փողոցային ցույցերն ու գործադուլները, վատ եղանակն ու զինյալների հարձակումներն իրենց ազդեցությունն են թողել Ֆրանսիայում օտարերկրյա զբոսաշրջիկների թվի նվազման վրա: Այս տարվա երկրորդ եռամսյակում Ֆրանսիայում նրանց թիվը զգալիորեն նվազել է:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի պաշտոնական տվյալներին:
Հունիսի վերջին օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը, ովքեր մնացել են գիշերելու Ֆրանսիայում, երեք ամսվա ընթացքում նվազել է 8,5 տոկոսով, իսկ Փարիզում այդ ցուցանիշը նվազել է 12,9 տոկոսով:
Հաղորդվում է, որ այս միտումը անակնկալ է եղել երկրի զբոսաշրջության ոլորտի աշխատողների համար, քանի որ այս տարվա առաջին եռամսյակում իրավիճակը սկսել էր բարելավվել՝ նախորդ տարվա նոյեմբերի ահաբեկչական հարձակումներից հետո:
Բացի դրանից վատ եղանակային պայմանները նույնպես բացասական են ազդել զբոսաշրջության վրա: Այս տարվա գարունն ամենացուրտն ու անձրևայինն են եղել Ֆրանսիայում՝ վերջին 50 տարիների ընթացքում: Արվարձանների զբոսաշրջային կենտրոններ այցելուների թիվը նվազել է 6,8 տոկոսով: