Դեսպան Փաքային. ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ պետք է անհրաժեշտ մեխանիզմներ փնտրել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակումը չի բխում տարածաշրջանի անվտանգության և կայունության շահերից,-Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը, «ԱՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական հարաբերություններին առնվող հարցին, մասնավորապես ասել է. «Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունները կապված են Բաքվի և Արևմուտքի հարաբերությունների հետ: Այսօր Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերությունները ջերմ չեն, քանի որ Արևմուտքը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին: Այդ առումով Բաքվի և Թեհրանի հարաբերությունների ընդլայնումը կնպաստի Իսրայելի մեկուսացմանը Ադրբեջանում»:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցում Իրանի ունեցած դիրքորոշմանը՝ Մոհսեն Փաքայինը հավելել է. «ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ պետք է անհրաժեշտ մեխանիզմներ փնտրել: Իրանը ցանկանում է, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի: Հակամարտության շարունակումը չի բխում տարածաշրջանի անվտանգության և կայունության շահերից»: