Թուրքագետ. Թուրքիան կփորձի իր ներկայությունը ապահովել Սիրիայի հյուսիսում
Սիրիայում ռազմական գործողությունների համար Թուրքիային կանաչ լույս ցույց տալը հետագայում գլխացավանք է դառնալու այդ ուժային կենտրոնների համար: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Նրա խոսքով, Սիրիայում ձեռնարկած գործողությունների համար Թուրքիան համաձայնություն է ստացել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, որոշ չափով նաև Իրանից:
«Ակնհայտ է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները Թուրքիան իրականացնում է որոշակի համաձայնության շրջանակում, որոնք ձեռք է բերվել այդ ուժային կենտրոնների հետ»,-ասաց թուրքագետը:
Նրա կարծիքով, թույլտվությունը տրամադրվել է սահմանափակ գործողությունների համար, սակայն չի բացառում, որ հետագայում Թուրքիան կփորձի իր ներկայությունը ապահովել Սիրիայի հյուսիսային որոշ հատվածներում:
«Թուրքիայի նպատակը դա է: Կարծում եմ՝ այն համաձայնությունը, որ ձեռք է բերվել դիվանագիտական խողովակներով ու շփումներով, վերաբերել է սահմանափակ բնույթի գործողություններին: Բայց չեմ կարծում, որ Թուրքիան կսահմանափակվի այդքանով»,-ասաց նա:
Հովսեփյանը հիշեցնում է, որ Թուրքիայի գլխավոր նպատակը «Իսլամական պետության» դեմ պայքարի անվան տակ սեփական անվտանգության խնդիրների լուծումն է՝ մասնավորապես կապված քրդերի հետ:
«Այս պահին ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպիսին կլինի ուժային խոշոր կենտրոնների վերաբերմունքը Թուրքիայի հետագա գործողությունների նկատմամբ և ինչ ծավալներով Թուրքիան կշարունակի գործողությունները: Ես հակված չեմ կարծելու, որ դրանք կլինեն կարճաժամկետ, Թուրքիան էականորեն կմխրճվի այռազմական պրոցեսներում, ինչն իր հերթին լրջագույն խնդիրներ կառաջացնի նայդ երկրի ներսում»,-ասաց թուրքագետը:
Նրա համոզմամբ, թուրքական իշխանությունների հիմնական նպատակը քրդական սպառնալիքի չեզոքացումն է, քրդական միջանցքի ձևավորման կանխումը:
«Մեծ հաշվով, սա ոչ թե Իսլամական պետության դեմ պայքար է, այլ քրդական սպառնալիքի ոչնչացում ու Թուրքիայի ներկայության ապահովում Սիրիայի հյուսիսում»,-ընդգծեց նա:
Ռազմական գործողությունները, ըստ Panorama.am-ի զրուցակցի, Թուրքիային հնարավորություն են տալիս դուրս գալ աշխարհքաղաքական ու դիվանագիտական փակուղուց:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումներն օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում լայնամասշտաբ գործողություն են սկսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող սահմանամերձ Ջերաբլուս քաղաքում: Պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն թուրքական մամուլի հրապարակումների համաձայն, Թուրքիան Սիրիայի տարածք է մտցրել 30 տանկ, մոտ հատուկ նշանակության 500 ուժեր, Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող սիրիական բանակի 2 հազարից ավելի ստորաբաժանումներ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիան դատապարտել է Թուրքիայի կողմից ներխուժումը իր տարածք
- Թուրքական բանակը սկսել է սիրիական քաղաքի ազատագրման գործողություն ԻՊ գրոհայիններից
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում