Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում դեռևս հաստատված չէ. Էդուարդ Շարմազանով
Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաստատված օրով և ժամով հանդիպում նախատեսված չէ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առաջիկայում նախատեսված է երկու երկրի նախագահների հանդիպում:
«Հայկական կողմերը՝ ԼՂՀ-ն և ՀՀ-ն, մշտապես կողմակից են եղել բանակցություններին, որ խնդիրը բացառապես լուծվի խաղաղ ճանապարհով, բայց բանակցությունները կարող են նոր թափով վերսկսվել, եթե կողմերը 1994-95 թվականների զինադադարի պայմաններն ամբողջությամբ կիրառեն, ինչպես նաև իրականացվեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հետաքննության վստահության մեխանիզմների ներդրում, ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի լիազորությունների, աշխատակազմի ընդլայնում: Քանի դեռ կողմերը դա չեն ավարտել, կարծում եմ, մշուշոտ է պատկերացնել, որ բանակցային գործընթացում մեծ թափ, նոր առաջընթաց կլինի»,- ասաց Է. Շարմազանովը:
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀԿ նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտասահմանյան վերջին այցերի՝ ՌԴ և Բրազիլա, արդյունքները:
«Նախագահը Մոսկվայում հանդիպել է նախագահ Պուտինի հետ: Ընդհանուր առմամբ, դրական, արդյունավետ ենք գնահատում երկու նախագահների հանդիպումը թե հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով, թե ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց նաև հայ օլիպիականներին, ովքեր հենց այսօր վերադառնալու են Հայաստան: Նա նշեց, որ Հայաստանն ունի երկու ոսկե մեդալակիր՝ Արթուր Ալեքսանյան և Միհրան Հարությունյան. «Եթե չլիներ մրցավարական կոպիտ սխալը, չնայած ողջ մարզական աշխարհը դա գիտի, որ Միհրան Հարությունյանն է հաղթել: Եթե հաշվի առնենք, որ ունենք երկու ոսկե մեդալ՝ նշանակում է, մենք առաջ ենք Թուրքիայից և Ադրբեջանից»: