ԿԲ պարզաբանումը՝ ՀՀ միջազգային պահուստների մակարդակի փոփոխության վերաբերյալ
2016 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ միջազգային պահուստները նվազել են շուրջ
59 մլն ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Պահուսնտների մակարդակի նվազումը հիմնականում պայմանավորված
էր շուրջ 46 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտաքին պարտքի սպասարկման ծախսերով և
Կենտրոնական բանկում ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների շուրջ
116 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կրճատմամբ: Եռամսյակի ընթացքում պահուստները
համալրվել են հիմնականում ներբանկային շուկայում ՀՀ ԿԲ կողմից իրականացված 52.6 մլն
ԱՄՆ դոլարի առքի և ստացված վարկերի, փոխառությունների և դրամաշնորհների հաշվին՝
շուրջ 31 մլն ԱՄՆ դոլարին համարժեք:
Առևտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների փոփոխությունը թեև
նշանակալի, այնուամենայնիվ, սովորական երևույթ է: Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԲ-ում առևտային
բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվների նվազագույն մակարդակի պահանջ չկա,
այդպիսով՝ այս միջոցների մակարդակն արտացոլում է համաշխարհային և ներքին
ներդրումային միջավայրի ազդեցության ներքո առևտային բանկերի ներդրումային որոշումները:
Արդյունքում այս մնացորդները խիստ տատանողական են, մասնավորապես` հիշեցնենք, որ
2015 թ. ընթացքում դրանք աճել էին շուրջ 106 մլն ԱՄՆ դոլարով:
2016 թ. ապրիլից սկսած ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար իրականացրել է և
շարունակում է իրականացնել ԱՄՆ դոլարի առքի գործառնություններ՝ խուսափելով
արտարժույթի շուկայում անցանկալի տատանումներից: Հարկ է նշել, որ արտարժույթի շուկայում
ՀՀ ԿԲ կողմից ԱՄՆ դոլարի վաճառքի գործառնություններ իրականացվել են միայն հունվար-
փետրվար ամիսներին՝ այդ ժամանակահատվածում դրամի փոխարժեքի վրա առկա
սպեկուլյատիվ ճնշումները զսպելու նպատակով:
Նշենք, որ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է
համապատասխանել միջազգային պրակտիկայում արտարժութային պահուստներին
ներկայացվող բոլոր պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին շոկերը կլանելու ՀՀ
տնտեսության կարողությունը հավաստելու տեսանկյունից: Մասնավորապես` ՀՀ միջազգային
պահուստները ապահովում են ներմուծման ավելի քան չորս ամսվա ծածկույթ և կարճաժամկետ
(մինչև մեկ տարի) պարտավորությունների սպասարկման ավելի քան յոթ տարվա ծածկույթ»,-ասված է հաղորդագրությունում: