ԸՕ որոշակի դրույթներ հնարավոր է փոփոխվեն. ՀՀԿ խոսնակ
Չի բացառվում, որ ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում Ընտրական օրենսգրքում որոշակի դրույթներ կամ ավելացվեն կամ փոփոխություններ կրեն: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելեց, որ այդ փոփոխությունները կլինեն ոչ միայն իշխանության, այլ նաև իրենց ընդդիմադիր գործընկերների հետ քննարկումների արդյունքում:
«Երբ սկսվի աշնանային նստաշրջանը, այդ ժամանակ քննարկումները կշարունակվեն: Կլինեն նոր պայմանավորվածություններ որոշակի դրույթների վերաբերյալ: Պրոցեսն ավարտված չէ»,- ասաց Է.Շարմազանովը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նույն ուժերի հետ եք բանակցելու, ՀՀԿ-ական գործիչն ասաց, որ կտեսնեն, իրենք միշտ էլ բաց են բոլորի հետ քննարկմանը:
«ՀՀԿ-ն ունի մեկ խնդիր՝ ՏԻՄ և խորհրդարանական ընտրությունների որակը հնարավորինս թափանցիկ, վստահելի դարձնել, որպեսզի մեր հանրության մոտ ընտրություններից հետո անվստահություն չլինի ընտրությունների արդյունքների հետ կապված»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: