Աճուրդում վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացվելու է դոդոյի կմախք
Բրիտանիայում վերջին հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ աճուրդում ներկայացվելու է դոդո թռչունի կմախքը: Չթռչող թռչունի այս տեսակը, որը հայտնի է նաև «Մավրիկյան դրոնտ» անունով, անհետացել է 17-րդ դարում: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ցուցանմուշի սեփականատերը, սկսած 1970-ականներից, մասնավոր հավաքածուներից և աճուրդներից գնել է թռչունների ոսկորներ, որպեսզի կազմի ամբողջական կմախք: Մի քանի տասնամյակ է պետք եղել, որպեսզի հավաքի անհրաժեշտ քանակությամբ ոսկորներ: Աճուրդի կազմակերպիչներն ասում են, որ կմախքն ավարտված է 95 տոկոսով:
Աշխարհում կա միայն դոդոյի մեկ կմախք, որը կազմվել է մեկ թռչունի ոսկորներից, այն գտնվում է Մավրիկի կղզու թանգարանում: Դոդոյի մյուս կմախքները կազմված են այդ տեսակին պատկանող տարբեր թռչունների ոսկորներից:
Աճուրդը կայանալու է այս տարվա նոյեմբերին:
Դոդո թռչունն անհետացել է 70 տարի անց, երբ գիտնականներն իմացել են նրանց գոյության մասին: Ենթադրվում է, որ արդեն հայտնաբերման պահին դոդո տեսակը համարվել է հազվագյուտ հանդիպող թռչնատեսակ: Քանի որ չեն կարողացել թռչել, որպես կանոն, եղել են կղզի ժամանող նավաստիների համար հեշտ որս:
Հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ մավրիկյան դրոնտը ունեցել է մոտ մեկ մետր հասակ և կշռել է մոտ 10-18 կգ։ Նկարներում թռչունը ունեցել է շագանակա-մոխրագույն փետրավորում, դեղին ոտքեր, պոչի վրա փետուրների ոչ մեծ փունջ և մոխրագույն, գանգի դիմային մասում փետրազուրկ, սև, դեղին կամ կանաչ կտուցով գլուխ։ Հիմնական բնակության միջավայրը, հավանաբար, եղել են կղզու համեմատաբար չոր, մերձափնյա տարածքները։ Ենթադրվում է, որ մավրիկյան դրոնտը կորցրել է թռչելու ունակությունը մեծ քանակությամբ սննդի առկայության (համարվում է, որ սննդի մեջ մտնում էին թափված մրգերը) և վտանգավոր գիշատիչների բացակայության հետևանքով։
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին