ԱՄՆ-ում այսօր նշում են կանանց հավասարության օրը
Օգոստոսի 26-ին ԱՄՆ-ում նշում են Կանանց հավասարության օրը: 96 տարի առաջ առաջին անգամ ամերիկյան օրենսդրությամբ ամրագվեց կանանց ընտրական իրավունքը: 10-ամյա պայքարից հետո կայացավ ԱՄՆ Սահմանադրության 19-րդ Փոփոխությունը, որով ԱՄՆ-ի քաղաքացիներն անկախ իրենց սեռից քվեարկելու իրավունք ստացան:
Դեռևս 1848 թվականից իրենց իրավունքների համար պայքարող կանանց մի խումբ հռչակել էին, որ կանայք ու տղամարդիկ հավասար են ստեղծված և օժտված են Արարչի կողմից հավասար իրավունքներով, հետևապես կանայք էլ պետք է ունենան միևնույն իրավունքները, ինչ տղամարդիկ: Սակայն Սահմանադրության մեջ արգելքը կանանց ընտրելու իրավունքի վերաբերյալ հանվեց երկարատև պայքարից հետո միայն:
ԱՄՆ առաջին կին կոնգրեսականը դարձավ Ջանեթ Ռենքինը: Նա պայքարել է, որպեսզի Վաշինգտոնում կանայք քվեարկելու իրավունք ստանան, իսկ 1916 թվականին որպես առաջին կին թեկնածու դարձել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ:
Օրվա խորհրդով ԱՄՆ նախագահի ընտրություններին ընդառաջ «Լենտա.ռու»-ն փորձել է պարզել, թե ում օգտին են քվեարկելու ամերիկացի ազդեցիկ կանայք:
«Ոչինչ չի կարող կանգնեցել ուժեղ կնոջը: Քվեարկեք ԱՄՆ պատմության մեջ նախագահի առաջին կին թեկնածուի օգտին»,-կոչ է արել Լեդի Գագան:
Հիլարի Քլինթոնին աջակցություն են հայտնել նաև Շերը, Քիմ Քարդաշյանը, Եվա Լոնգորիան, Քեթի Պերրին, Բեյոնսեն, ով նաև մասնակցում է նրա նախընտրական հանդիպումներին:
Դոնալդ Թրամփի կողմնակիցների թվում են նրա առաջին ու երկրորդ կանայք՝ Իվանա և Մելանիա Թրամփները: Տղամարդ թեկնածուին հաղթանակ են մաղթում նաև Playboy-ի մոդել Քենդրա Ուիլքինսոնը, ռեպեր Տիլա Տեկիլան, երգիչ Լորետա Լիննը: