Մաֆիա անունով շունը Իտալիայի երկրաշարժից փրկել է ընտանիքի բոլոր անդամներին
Իտալիայի Ամատրիչի քաղաքում Մաֆիա անունով շունը փրկել է ընտանիքի բոլոր անդամներին՝ տասը րոպե առաջ նրանց արթնացնելով քնից՝ ասես կանխազգալով վտանգը, գրում է Life.ru-ն:
«Ցնցումներից մի քանի րոպե առաջ, նա թռչկոտեց մեր անկողնում և սկսեց կատաղած հաչալ: Մենք սկզբում բարկացանք նրա վրա, որովհետև ամբողջ ընտանիքով քնից արթնացանք, իսկ երեխան փոքր էր: Ու այդ ժամանակ սկսեցին ցնցումները: Մենք շատ արագ արձագանքեցինք, քանի որ քնած չէինք: Մենք անչափ շնորհակալ ենք մեր Մաֆիային, քանի որ նա փրկեց մեզ: Եթե մենք քնած լինեինք, չէինք կարող արագ դուրս գալ»,- պատմել է Մաֆիայի տիրուհին՝ Լյուչիա Դիլերին:
Ըստ աղբյուրի, Դիլերի ընտանիքը ապրելիս է եղել քաղաքի պատմական կենտրոնում, որն աղետի հետևանքով ամբողջությամբ վերացվել է:
«Մեր տունը փլվել է: Հին էր, չդիմացավ ցնցումներին: Այժմ մենք ամբողջ ընտանիքով՝ ես, կինս, որդիս ապրում ենք ճամբարում: Բայց ամեն ինչ լավ է», -ասել է ընտանիքի հայրը՝ Ռոբերտոն:
Երկրաշարժից տուժած ու կենդանի մնացած մարդիկ ժամանակավորապես ապրում են Ամատրիչիի մարզական ճամբարում:
Իտալական քաղաքում օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 280-ից ավելի մարդ էր մահացել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ