Ադրբեջանցի փորձագետները բանկերին մեղադրում են գերշահույթներ ստանալու մեջ
Ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ ադրբեջանական բանկերը որոշել են ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակից օգտվելով հավելյալ շահույթներ ստանալ։ Ըստ նրանց՝ պլաստիկ քարտերից դոլարի կանխիկացման վրա 4 տոկոս կոմիսիոն վճար սահմանելը սև շուկայում սպեկուլյացիաների սահմանափակմանը չի նպաստել, քանի որ բանկերն իրենց հերթին հրաժարվում են արտարժույթ վաճառելուց, իսկ սպառողների մոտ դոլարի նկատմամբ պահանջարկը շարունակում է մեծ մնալ։
Այս պնդումներին հակառակ՝ Ադրբեջանի բանկերի ասոցիացիայի նախագահ Զաքիր Նուրիևն արդարացրել է բանկերի կողմից կոմիսիոն վճարների տոկոսադրույքի բարձրացումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա տրամաբանական և անհրաժեշտ է համարել այդ քայլերը՝ սպեկուլյացիաները կանխելու նպատակով։
Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ադրբեջանցի քարտապանները, ունենալով մանաթի հաշիվներ իրենց քարտերում, բանկոմատների միջոցով կանխիկացնում են դոլար և այն իբրև վաճառում են սև շուկայում՝ պաշտոնական փոխարժեքից բարձր կուրսով։
Նմանատիպ սպեկուլյացիաներն իբրև կանխելու նպատակով ադրբեջանական բանեկերն այս տարվա հունվարի 11-ից պլաստիկ քարտերով արտարժույթ կանխիկացնելու նկատմամբ գործող 0,5 տոկոս կոմիսիոն վճարը բարձրացրեցին մինչև 4 տոկոս, ինչն էլ բնակչության դժգոհության պատճառ դարձավ։ Սակայն այս քայլը սպասված արդյունքը չտվեց, քանի որ ադրբեջանցի քարտապաները հիմնականում բյուջեից աշխատավարձ և թոշակ ստացողներն են, որոնց հաշվին չնչին գումարներ կան և չեն կարող էական ազդեցություն ունենալ դոլարի փոխարժեքի վրա։