Արցախի վարչապետը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը հավի մսի և ենթամթերքի շուկայում
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանն այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է ԱՀ վարչապետի հանձնարարականով ծառայության կողմից հավի մսի և ենթամթերքի շուկայում իրականացված դիտարկումների արդյունքները: Այս մասին հայտնել են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«ԼՂՀ-ում սահմանված նորմաներին համապատասխանել են միայն ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրվող մթերքները, իսկ այլ պետություններից ԼՂՀ շուկա ներմուծված մթերքները ֆիզիկոքիմիական մասով նորմերին չեն համապատասխանել: Մասնավորապես, բացի համային , հոտային անորակ վիճակից, մթերքում առկա ֆիզիկոքիմիական հեղուկի, լուծույթի տոկոսայնությունը խախտված է մոտ երկու և ավելի անգամ»,- ներկայացրել է Լ. Սարգսյանը:
Իր մտահոգությունը հայտնելով առկա խնդրի առնչությամբ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ և, պարբերական ստուգումներին զուգահեռ, բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում:
«Մենք ահազանգներ ենք ստացել ՀՀ և ԱՀ տարածքից դուրս արտադրվող հավի մսի որակի և գնի դեմփինգի վերաբերյալ, այդ պատճառով հանձնարարել եմ ուսումնասիրել ոլորտը: Այժմ պարզվում է, որ նշյալ ծագման մսի մեջ լուծութային հավելումներ են սրսկվում, որը խնդիրներ է ստեղծում որակի առումով, ինչպես նաև արհեստականորեն ավելացնում է մսի կշիռը՝ էժան գնով խաբելով գնորդներին: Հանձնարարում եմ խիստ վերահսկողություն իրականացնել այս բնագավառում, որպեսզի խուսափենք ապօրինի և բնակչության առողջությունը վտանգող գործողություններից»,- ասել է Ա. Հարությունյանը:
Նիստի ժամանակ հայտնել են նաև, որ ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին որոշմամբ՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ ճանաչված անձանց սոցիալական երաշխիքները հավասարեցվել են ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական երաշխիքներին: