Արցախի վարչապետը դժգոհել է անտառային մրգերի և հատապտուղների մթերման կազմակերպումից
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցության ժամանակ իր դժգոհությունն է հայտնել շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ անտառային մրգերի և հատապտուղների մթերմանը կապակցությամբ տեղերում պատշաճ մակարդակով կազմակերպչական աշխատանքներ չիրականացնելու պատճառով: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մենք նախապես հայտարարել էինք, որ պահածոների գործարանների հետ համապատասխան պայմանավորվածություններ ենք ձեռք բերել՝ հանրապետությունում մշակվող մրգերն ու բանջարեղենը մթերելու շուրջ: Կառավարությունն այդ հարցում հանդես էր եկել նախաձեռնությամբ, որպեսզի ժամանակին հավաքված բերքը հասցվի գործարաններ՝ առանց քանակական սահմանափակումների: Սակայն գործընթացն առ այսօր շատ դանդաղ է ընթանում»,- ասել է վարչապետը և հորդորել ներկաներին համայնքների ղեկավարների միջոցով բնակչության հետ ավելի ակտիվ աշխատել:
Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ բնակչության հետ հանդիպումներում հաճախ է հարց բարձրացվել անտառային հատապտուղների մթերման մասին, որը կարող է լրացուցիչ եկամուտի աղբյուր դառնալ: Այս տարվանից, վարչապետի խոսքով, կառավարության նախաձեռնությամբ մթերող ընկերությունների կողմից միջինից բարձր գնով անսահմանափակ ծավալներով կընդունվի մասուր, մոշ, հոն, տանձ, խնձոր և անտառային այլ հատապտուղներ ու մրգեր, որոնց տեղափոխումը համայնքներից-գործարաններ կիրականացվի պետական միջոցներով:
Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ մասուրի հավաքման աշխատանքներում այս տարվանից կընդգրկվեն նաև համապատասխան տարիքի դպրոցականները:
«Աշխատանքներում դպրոցականների ընդգրկման նպատակը ոչ այնքան հատապտուղների հավաքումն է, այլ ավելի շատ՝ դպրոցական տարիքից երեխայի մեջ գումար վաստակելու դաստիարակության ապահովումը: Իսկ հավաքված բերքի դիմաց, կառավարության կողմից տրամադրված միջոցներով, ավելի բարձր գին կվճարվի»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ պետք է օգտվել ընձեռված հնարավորությունից, հատկապես, որ նշված հատապտուղների մեծ մասն աշնան սեզոնին է հասունանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը