Գալուստ Սահակյանը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Վայլերին պարգևատրել է ԱԺ պատվո մեդալով
«Համոզված եմ, որ նման ոճրագործություններն ընդունելու և դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունն ապագայում»,- այս մասին այսօր ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ընդունելով է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերթ Վայլերի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին 2016 թ. հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ալբերթ Վայլերը հատկանշական է համարել իր այցը Հայաստան՝ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ալբերթ Վայլերը նշել է, որ Գերմանիան իր հերթին ջանում է անել հնարավորը տարածաշրջանային խաղաղության պահպանման համար:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայ-գերմանական կապերի ամրապնդման և միջխորհրդարանական կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ալբերթ Վայլերին պարգևատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով: