Գարբինյե Մուգուրուսա. «Նյու Յորքը» շատ էներգիա է խլում»
«Ռոլան Գարոսի» չեմպիոնուհի Գարբինյե Մուգուրուսան «US Open»-ի մեկնարկի նախօրեին բացատրել է, թե իր համար ինչն է դժվար «Մեծ սաղավարտի» ամերիկյան մրցաշարում։
Մուգուրուսան 3 անգամ ժամանել է Նյու Յորք և այդ ընթացքում հաղթել է միայն 1 խաղում՝ անցած տարի, մինչդեռ «Australian Open»-ում խաղացել է 1/8 եզրափակչում, «Ուիմբլդոնում»՝ եզրափակչում։
«Այս մրցաշարն ինձ համար բարդ է, որովհետև այստեղ շատ բաներ են կատարվում։ Մշտապես միլիոն մեքենա, մարդիկ, աղմուկ։ Այդ ամենը շատ էներգիա է խլում, շատ ուժ է ծախսվում։ Հավանաբար, այն պատճառով, որ սա մեծ քաղաք է, ամեն ինչ հսկայական է, ամեն ինչ շատ է։ Իսկ ես քաղաքային աղջիկ չեմ»,- Մուգուրուսայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
22-ամյա իսպանուհին մեկնաբանել է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի Բաց առաջնության արդյունքներով կարող է դառնալ աշխարհի թիվ 1 ռակետը։
«Դե, իհարկե, դա հիանալի նվաճում կլինի։ Բայց ես նույնիսկ չգիտեմ, թե դրա համար ինչ պետք է անեմ, ուստի այդ մասին չեմ մտածում։ Մտածում եմ միայն այն մասին, որ պետք է հաղթեմ, ցանկալի է՝ մինչև վերջին խաղում»,- նշել է թենիսիստուհին։