Օլիմպիական խաղերի մեդալակիրները` Մայր Աթոռում
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունել է օգոստոսի 5-ից 21-ը Բրազիլիայում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին և ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին՝ ուղեկցությամբ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանի և Ազգային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Սրբազան Հայրը մեդալակիր մարզիկներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու շնորհավորանքները՝ օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշներ արձանագրելու առիթով: Դիվանապետ Սրբազանը, անդրադարձ կատարելով Օլիմպիական խաղերի արդյունքներին, վստահություն է հայտնել, որ մեդալակիրներն իրենց հաղթական ոգով օրինակ կծառայեն երիտասարդ սերնդի համար: Նա նաև կարևորել է այն իրողությունը, որ հայ մարզիկներն իրենց հաջողություններով օգտակար նպաստ են բերում հայ ժողովրդին՝ սպորտի միջոցով ճանաչեցնելով Հայաստանը ողջ աշխարհին:
Մրցանակակիր մարզիկները խորին շնորհակալություն են հայտնել ընդունելության և, մասնավորապես, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հայ մարզիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նրանք վստահեցրել են, որ Ս. Էջմիածնի օրհնությունն ավելի մեծ ուժ կհաղորդի իրենց` հետագայում ևս հաջողությամբ հանդես գալու տարբեր սպորտային հարթակներում և նոր հաղթանակներ նվաճելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան