Դպրոցում ուղիղ, ձեռքերը սեղանին դրված նստելաձևն այդքան էլ ճիշտ չէ. Վնասվածքաբան-օրթոպեդ
«Դպրոցականների համար ընտրել այնպիսի պայուսակներ, որոնք ուսապարկի նման գցվում են երկու ուսագոտու շրջանում, հակառակ պարագայում երեխաները կունենան մկանային, ողնաշարի լարվածություն: Պայուսակները պետք է լինեն հնարավորինս թեթև, որպեսզի երեխաների ողնաշարի շրջանում չառաջանա ծանրաբեռնվածություն»,- լրագրողների հետ հանդիպմանը խորհուրդ տվեց վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Գալստյանը:
Նա նշեց, որ ողնաշարի շրջանում դեֆորմացիաներ ի հայտ են գալիս հատկապես 5-16 տարեկանում:
Ըստ մասնագետի, հատկապես առաջին դասարան հաճախող երեխաների պայուսակների ծանրությունն առավելագույնը պետք է լինի 3 կիլոգրամ: Ա.Գալստյանի խոսքով, նախընտրելի են թեթև, կտորից պատրաստված պայուսակները:
Վնասվածքաբան-օրթոպեդը խոսեց նաև, թե ինչպես պետք է նստեն դպրոցում. «Խորհրդային շրջանում ստիպում էին նստել ուղիղ, ձեռքերը դնել սեղանին, որպեսզի հստակ կեցվածք լինի: Ներկա պահին հետազոտությունները ցույց են տվել, որ այդպիսի կեցվածքն այդքան էլ ճիշտ չէ: Նման դիրքով նստելը, ընդհակառակը, հավելյալ մկանային լարվածություն է առաջացնում ողնաշարի, իրանի շրջանում, ինչը կարող է բերել ոչ ցանկալի հետևանքներ: Նախընտրելի է, որ երեխան նստի հնարավորինս ուղիղ, բայց ոչ ձգված, ոչ ձեռքերը սեղանին դրված»:
Ըստ բժշկի, ողնաշարի դեֆորմացիաներ ավելի շատ այդ տարիքի երեխաների մոտ լինում են բնածին ձևախախտումների, մկանային թուլությունների հետևանքով, իսկ նստած դիրքն այդքան էական նշանակություն չունի: Արտակ Գալստյանը կարևորեց մարմնամարզության դասընթացները, որոնք, ըստ նրա, այսօրվա իրականությունում մոռացվել են:
«Երեխաների մոտ պետք է հնարավորինս զարգացնել մկանային համակարգը, այլապես թերզարգացման արդյունքում առաջանալու են մի շարք խնդիրներ»,- ընդգծեց նա:
Խոսելով կոշիկների մասին, նա ասաց, որ նախընտրելի է երեխաների համար ընտրել մեկ մատի չափով մեծ կոշիկ, քանի որ նրանք չեն կարող հստակ ասել՝ կոշիկը համապատասխանում է իրենց ոտքին, թե ոչ: Վնասվածքաբան-օրթոպեդն ընդգծեց, որ չի կարելի շատ մեծ կամ փոքր կոշիկներ ընտրել: Նա խորհուրդ տվեց, ընտրել կոշիկներ, որոնք ոտնաթաթի շրջանում սուպինատոր ունեն՝ հետագայում դեֆորմացիաներ չլինելու համար:
Ա. Գալստյանը նաև նշեց, որ պետք է ընտրել կոշիկներ, որոնք հետևի մասում փակ լինեն. «Փակ լինելու պարագայում կոշիկը որոշակի կայունություն է հաղորդում ոտնաթաթի ճիշտ դիրքի համար: Նախընտրելի է մինչև 15-16 տարեկան ընտրել նման կոշիկներ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ