Եթե պահուստները հայտարարվածից քիչ են, դոլարը կանցնի 3 մանաթի շեմը․ ադրբեջանցի փորձագետ
Եթե Ադրբեջանի արտարժութային պահուստները հայտարարվածից քիչ են, ապա ադրբեջանական մանաթը կարժեզրկվի, և դոլարի փոխարժեքը կհատի ոչ միայն 2 մանաթի, այլ նաև՝ 3 մանաթի շեմը։ Այս մասին ադրբեջանական Qaynarinfo լրատվականի հետ զրույցում հայտարարել է բանկերի գծով ադրբեջանցի փորձագետ Աքրամ Հասանովը։
Մասնագետի խոսքով` մանաթի անխուսափելի անկումը տեղի է ունենալու երկու հնարավոր տաբերակով․ կամ Ադրբեջանի կենտրոնական բանկը արժեզրկման է գնալու, կամ փորձելու է արտասահմանում գտնվող իր ակտիվները բերել Ադրբեջան, եթե որոշի շարունակել դոլարի վաճառքը` մանաթի կտրուկ արժեզրկումը կանխելու համար, որը նույնպես չի կարող երկար տևել:
«Ակնհայտ է, որ մանաթի փոխարժեքը ներկայումս արհեստական է պահվում: Եթե մանաթի փոխարժեքն ազատականացվի, մեկ դոլարը կանցնի 2 մանաթը, և անգամ կարող է հասնել 3 մանաթի: Դա կախված է տարադրամի պահուստի ծավալից: Կենտրոնական բանկը խոսում է 4 մլրդ դոլարից, Նավթի հիմնադրամը` 35 մլրդ դոլարից: Բայց այդ պահուստն ամբողջությամբ փողով չէ, դրա հիմնական մասը անշարժ գույքի և այլ ոլորտներում է: Եթե մեր արտարժույթի կանխիկ պահուստները հայտարարվածից պակաս են, ապա դոլարը կարող էանցնել անգամ 3 մանաթը», -ասել է փորձագետը։
Նշենք, որ ադրբեջանական մանաթը վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե կրկնակի արժեզրկվել է, և այժմ մեկ դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմում է 1,63 մանաթ։