Հետաքննությունը շարունակվում է. Արմեն Աշոտյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերքել է այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը, թե «Բելգիայի ոստիկանությունը վերջերս բացահայտել է Աշոտյանի վրա իրականացված հարձակման կատարողներին, որոնք, ինչպես պարզվել է, շարքային կողոպտիչներ են եղել և ցանկացել են թալանել նախկին նախարարին»:
«Լրատվական օրը սկսեց իմ անձի մասին ապատեղեկատվություն գրելու մեջ մասնագիտացած թերթերից մեկի կողմից հրապարակված հերթական լավ ընթերցվող, ականջներ ունեցող, սակայն իրականությանը չհամապատասխանող շարադրությամբ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտյանը:
Panorama.am-ին Աշոտյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել այդ գործով նախաքննությունից և միայն ասաց. «Հետաքննությունը շարունակվում է»:
Նշենք, որ դեռ հուլիսին Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում անհայտ անձինք հարձակում էին գործել իր վրա:
«Լյուվեն քաղաքում իմ գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել եմ հարձակման: Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին:
Մտերիմներին և հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչև Հայաստան վերադառնալը գերադասում էի չբարձրաձայնել: Բարեբախտաբար, ստացվեց խուսափել մեծ ֆիզիկական վնասներից, չնայած նոր տարած վիրահատությունից հետո հենակներով էի և ոչ շարժունակ: Թե չէ մի հատ էլ երկաթ իմ ոսկորների մեջ, ու ես հանգիստ կկարողանամ առանց քաստինգի մասնակցել Տերմինատորի հերթական նկարահանումներին», -գրել էր նա: