Պատգամավորը առաջադրվել է քաղաքապետի ընտրություններում
Հոկտեմբերի 2-ին Արթիկում կայանալիք քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը առաջադրել է ԱԺ պատգամավոր, ծնունդով Արթիկից և նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի թեկնածությունը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:
Հատկանշական է, որ նրա հետ միասին Արթիկում առաջադրվել է նաև Մխիթար Վարագյանը, որը Հանրապետական կուսակցությունից է և նախկին պատգամավոր ու Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանի եղբայրը: Բայց հարազատ կուսակցությունը կպաշտպանի ոչ թե Վարագյանին, այլ անկուսակցական Պետոյանին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Մուշեղ Պետոյանն ասաց, որ ինքը Հանրապետական կուսակցության անդամ չէ ու կուսակցական դառնալու որոշում դեռ չունի: Հարցին,թ ե ինչո՞ւ է Հանրապետականը որոշել առաջադրել իրեն, Պետոյանը պատասխանեց կարճ՝ «Հարցերք Հանրապետական կուսակցության ղեկավարությանը»:
Հարցին, թե՞ ինչու որոշեց նախընտրել Արթիկի քաղաքապետի պաշտոնը պատգամավորական մանդատից, Պետոյանը պատասխանեց. «Պատգամավորական մանդատից դեռ չեմ հրաժարվել, բայց Աստծո հաջողությամբ, հենց ընտրվեմ, նոր կհրաժարվեմ մանդատից»:
Խոսելով մրցակցի մասին, Պետոյանն ասաց, որ «երբեք չի կարելի հակառակորդին արհամարել» ու հավելեց. «Բայց միանշանակ, շատ բարձր ձայների հարաբերությամբ հաղթանակ եմ տանելու, դուք կտեսնեք»:
Նա ասաց, որ իր ուժերով ու ունեցած կապերով հատկապես վերջերս Արթիկին պատուհասած աղետից հետո, փորձելու է զարգացնել քաղաքը: Գործող քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ, ասաց, նույն թիմում են և նրանց միջև ոչ մի տարաձայնություն չկա:
«Մեր թիմով որոշեցինք, որ այս անգամ ես եմ առաջադրվում», -հավելեց պատգամավորը: