ԱՄՆ դոլարով ցուցանիշներն անհրաժեշտ են ոչ թե տեմպերի հաշվարկման, այլ միջազգային համեմատությունների համար. ԱՎԾ ներկայացուցիչ
«Գործող միջազգային մեթոդաբանության համաձայն աճի կամ անկման տեմպերը հաշվարկվում են ոչ թե համեմատելի ժամանակաշրջաններից յուրաքանչյուրի համար ազգային արժույթով ընթացիկ գներով ստացված ցուցանիշներով, այլ համադրելի գներով, այլ կերպ ասած, հաշվի առնելով համադրելի ժամանակաշրջաններում արձանագրված գնային փոփոխությունները: Իսկ ԱՄՆ դոլարով ցուցանիշներն անհրաժեշտ են ոչ թե տեմպերի հաշվարկման, այլ առաջին հերթին միջազգային համեմատությունների համար»,-Panorama.am-ի հետ զրուցում ասաց ՀՀ ԱՎԾ աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժնի պետ Քրիստինե Պողոսյանը՝ հավելելով, որ երկրների տնտեսական ցուցանիշներն ընթացիկ ժամանակաշրջանի փոխարժեքով վերահաշվարկվում են ըստ ԱՄՆ դոլարի, ինչի հիման վրա Համաշխարհային Բանկը ըստ գնողունակության համարժեքության իրագործում է միջազգային համադրումներ համաշխարհային մակարդակով, կոնկրետ հաշվետու ժամանակաշրջանում:
Panorama.am-ի դիտարկմանը, թե արտաքին առևտրի մի շարք ցուցանիշների մասին եղան հայտարարություններ, որ, օրինակ, լոլիկի արտահանումը ըստ մաքսային վիճակագրության մի քանի անգամ ավելի փոքր թիվ է կազմում, քան ըստ ՀՀ ԱՎԾ-ի ցուցանիշների, ԱՎԾ ներկայացուցիչն արձագանքեց. «Հավանաբար, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մաքսային վիճակագրության հետ համեմատել են պարենային հաշվեկշռի կազմման համար կիրառվող ցուցանիշները, ինչն ըստ դասակարգման ավելի մեծ խումբ է ներառում: Այն է՝ «լոլիկ» անվանման տակ ըստ պարենային հաշվեկշռի մեթոդաբանության ներառվում է թարմ, ինչպես նաև պահածոյացված լոլիկը, տոմատի հյութը, մածուկը և այլ տվյալները՝ պայմանականորեն վերածված թարմ լոլիկի»:
Panorama.am-ի հարցին՝ իսկ ինչով կբացատրեք արտաքին առևտրի ցուցանիշների հաճախակի ճշգրտումները՝ սկսած 2015թ-ից, Ք. Պողոսյանն պատասխանեց. «Ինչպես գիտեք 2015թ-ից Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ: Դեռ մինչ անդամակցելը, ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի համաձայն ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշները փոխադարձ առևտրի մասնակիցները պետք է ներկայացնեին մաքսային մարմիններին, քանզի նրանք այլևս բեռնամաքսային հայտարարագիր ներկայացնող չեն հանդիսանում: Սակայն, ինչպես հիշում եք, 2015թ-ի առաջին 5 ամիսներին ՀՀ ԱՎԾ-ն արտաքին առևտրի վերաբերյալ ցուցանիշները հրապարակելիս տողատակով միշտ հայտարարում էր, որ այդ ցուցանիշներն ամբողջական չեն՝ պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, քանզի վերոհիշյալ հաշվառման ձևը ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից էր մաքսային մարմիններին ներկայացվում:
Միայն 2015թ-ի հունիսից մաքսային մարմիններին հաջողվեց քիչ թե շատ ամբողջացնել փոխադարձ առևտրի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը: Սակայն, հետագա ժամանակահատվածից առ այսօր ԵՏՄ փոխադարձ առևտրի մասով ռեսպոնդենտների կողմից կիրառվող ցուցանիշներում ճշգրտումները հաճախակի են, գրեթե բոլոր ամիսներին, նույնիսկ էական չափաբաժիններով: Կարծում ենք դեռ կպահանջվի որոշակի ժամանակահատված մինչ ԵՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի մասնակիցները կհարմարվեն այդ միության մաքսային մարմիններին հաշվետու լինելու ամբողջական պահանջներին»: