Ա.Իսկանդարյան. Սպասվում է բարդ աշուն
Այսօր Հայաստանի ներքաղաքական դաշտում առաջնայինն Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումներն են, որոնք ԸՕ-ի հետ անմիջական կապ շատ քիչ ունեն, ավելի շուտ ուղիղ վերաբերում են կառավարության հանդեպ վստահություն չունենալուն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Մարդիկ, ովքեր քննադատում են սահմանադարական, Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, սովորաբար քննադատում են կառավարությանը: Այստեղից ճիշտ է անցում կատարել «Սասնա ծռեր»-ին»,- նշեց նա՝ հավելելով, որ «Սասնա ծռեր»-ի քայլերը կարելի էր կանխատեսել՝ վերլուծելով մինչ այդ տեղի ունեցած դեպքերը:
Ըստ նրա, հասարակության մի մասը, մասնավորապես Երևանի քաղհասարակությունը, չմերժեց նման գործողությունը՝ բարդ հարցերի հեշտ լուծում: Քաղաքագետի խոսքով, պատկերացնում էին, որ կարելի է երկրում առկա տարբեր խնդիրները լուծել հինգ մարդ սպանելով կամ հեռացնել տաս մարդ:
«Տեղի ունեցածը փոխեց քաղաքական պատկերը, հոգեբանական առումով իշխանության գրեթե ամբողջությամբ դարձավ ոչ լեգիտիմ: Ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է իշխանություններն անեն ընտրություններին: Ենթադրենք հասան ընտրություններին: Ի՞նչ ջանքեր, ինչպիսի՞ գումարներ պետք է ծախսեն, որ հաղթեն ընտրություններում: Ենթադրենք՝ հաղթեցին, 54 տոկոս հավաքեցին, բայց հաջորդ շաբաթ ի՞նչ են անելու: Հարց է: Ենթադրենք այդ շաբաթն էլ մի կերպ անցկացրեցին: Կարելի՞ է պատկերացնել, որ այդ իշխանությունն այդ կերպ կարող է անցկացնել հիգն տարի: Ինձ համար շատ բարդ է պատկերացնելը»,- ասաց Ա.Իսկանդարյանը՝ միաժամանակ հավելելով, որ ընդդիմություն էլ չկա, ընդդիմությունն էլ դարձավ ոչ լեգիտիմ:
«Մարդիկ, ովքեր կողմ են քվեարկում ընդդիմությանը, ոչ թե նրանց են կողմ քվեարկում, այլ իշխանության դեմ են քվեարկում: Այդ սկզբումքով քվեարկությունը կարող է ամենատարօրինակ հետևանքների բերել»,- նշեց նա:
Ա. Իսկանդարյանի խոսքով, հասկանալի է, որ լինելու է բարդ աշուն, սկսվելու է նախընտրական շրջանը, որին կմասնակցեն իրենց ընդդիմադիր համարող քաղաքական կուսակցությունները, բայց հազիվ թե լուրջ հաջողությունների հասնեն, կմացնակցեն մարդիկ, ովքեր իրենց անվանում են քաղհասարակություն, իսկ իշխանությունները կփորձի ստեղծել արհեստածին ինչ-որ համազգային ուժ, կառույց, բայց դրա հնարավորությունն արդեն բաց է թողնված։
«Այսօր երբ մարդ մտնում է քաղաքականության մեջ, կորցնում է վստահությունը: Սա մեծ խնդիր է ստեղծում քաղաքական համակարգի համար»,- ասաց քաղաքագետը: