Եթե պետք լինեն փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, մենք կգնանք դրան. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ-ն անելու է հնարավորը, որպեսզի ԸՕ-ում ներդրվեն վստահության մեխանիզմներ`ընտրական պրոցեսների և արդյունքների վերաբերյալ հանրության վստահությունը բարձրացնելու համար: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ եթե անհրաժեշտություն լինի, ապա չեն բացառում նոր լրացուցիչ մեխանիզմների ներդրումը, միգուցե նաև՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարկումը, կեղծարարության պատժաչափի խստացումը:
«Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք և անելու են հնարավորը, որպեսզի Ընտրական օրենսգրքում լինեն մեխանիզմներ, որոնք գործնականում կբացառեն ցանկացած ընտրակեղծիքի իրականացումը: Եթե պետք լինեն փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, մենք կգնանք դրան»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ բանակցությունները կշարունակվեն ընդդիմության հետ, և կարող են գալ ընդհանուր համաձայնության, որպեսզի համապետական նոր ընտրություններն անցկացնեն բարեփոխված Ընտրական օրենսգրքով
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի շանսերի մասին հարցին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ի տարբերություն որոշ ընդդիմադիր ուժերի, մենք չենք խոսում շանսերից։ Բոլորդ էլ գիտեք, որ բոլոր ընտրություններում հանրապետականը հիմնական լիդերներից է: Հիմա ընդդիմության դաշտում ոչ թե հանրապետականի դեմ են պայքարում, այլ ընդդիմադիր տարբեր գործիչներ իրար նկատմամբ են քննադատական խոսքեր ասում, փորձում են ընդդիմության միակը լինելու դափնին շահել։ Ընդդիմության դաշտում կլինի լուրջ մրցակցություն, քանի որ եթե իշխանության դաշտում ամեն ինչ պարզ է, ապա ընդդիմադիր դաշտում կան բազմաթիվ հին ու նոր կուսակցություններ, որոնք ցանկանում են ընդդիմադիր ընտրազանգվածի ձայներին տիրանալ։ Բնականաբար, այդ ընթացքում անխուսափելի է լինում նրանց քաղաքական փոխհրաձգությունը: Այնպես չէ, որ դրանից ուրախանում ենք, բայց դա քաղաքական գործընթաց է, որին ականատես ենք լինում»։
Շարմազանովը նաև հիշեցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, ըստ որի` իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության քննարկումների արդյունքում ԸՕ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները չեղյալ են համարվում: «Այն փոփոխությունները, որոնք ընդունել էինք կոնսենսուսի պարագայում, այլևս չեն գործում։ Բայց դա չի նշանակում, որ նոր փոփոխությունները հնարավոր չեն»,- ասաց նա: