Իրանի-Հայաստան հարաբերությունների առավել խորացմանը նպաստող աշխատանքային խումբ կստեղծվի
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Իրանի հետ տնտեսական կապերի ակտիվացումը և տարածքային համագործակցությունը, մասնավորապես Սյունիքի մարզում` կապված ազատ տնտեսական գոտու խնդիրների հետ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կողմերը երկուստեք կարևորել են երկկողմ ազատ տնտեսական գոտիների կայացման խնդիրը և այդ գոտիների կայացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը: Նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է մեր երկրում արտադրություններ ունենալու առավելությունները իրանական կողմին նախապես ներկայացնելու, Իրանի գործարարներին ԵԱՏՄ-ի և ՀՀ-ի տեխնիկական կանոնակարգերին և ստանդարտներին ծանոթացնելու կարևորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Թավրիզում կայանալիք համաժողովին: Քննարկվել է այդ համաժողովում Հայաստանին առնչվող ծրագրեր ներկայացնելու հարցը: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է Կովկասի, մասնավորապես Հայաստանի կարևորությունը ԻԻՀ-ի համար` որպես հարթակ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ մուտք գործելու համար:
Նախարար Դավիթ Լոքյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին համակարծիք են եղել, որ Հայաստանի և Իրանի տարածքների միջև դեռևս չօգտագործված ներուժ, համագործակցության բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան:
Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը հետամուտ կլինի երկու երկրների հարաբերությունների առավել խորացմանը վերաբերող հարցերին:
Հայաստանի և Իրանի տարածքների միջև տնտեսական կապերի առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները հաճախակի փոխայցելություններից բացի կարևորել են միջմարզային հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլերը: